«Հայաստանում ընդդիմություն չի ձևավորվում, քանի որ իրար հետ գնում են հարսանիքի, իրար հետ գնում են հանգստանալու, իրար հետ էլ արձակուրդից գալիս են». Լևոն Շիրինյան
«Ժողովրդին և առավել ևս մեր իշխանություններին ցանկանում եմ արժանապատվության վերադարձ մի բանաձևով՝ լինել հայամետ, գործել հայաստանակենտրոն. ո՛չ ռուսամետ լինել, ո՛չ արևմտամետ, ո՛չ թուրքամետ: Եթե այս բանաձևը գործում է, ուրեմն մենք բոլոր հարցերը լուծում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանն
Նրա խոսքով՝ այսօր կան տագնապներ, որոնք շատ հրատապ են և եթե միջոցներ ձեռք չառնվեն, ապա դրանք կլինեն մահացու և անհաղթահարելի. «Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում և պետությունները ստատիկ վիճակ չունեն: Այս պարագայում մենք պետք է նաև մարտահրավերները նշենք: Կարծում եմ՝ այսօր արտագաղթը բոլոր միջոցներով պետք է կասեցվի: Եթե վիճակն այսպես շարունակվի, ապա վստա՛հ եղեք, որ Հայաստանը 15-20 տարի հետո կդադարի կենսունակ պետություն լինելուց: Դրա համար պետք է խնդիրը դնել, լուծման ճանապարհներ որոնել: Պետք է ներգաղթ կազմակերպել, որն իհարկե աշխատատեղի հետ կապ ունի: Բայց եթե խնդիրը դրվի, ապա լուծումներն անպայման կգտնվեն:
Իշխող քաղաքական կուսակցությունն ու ընդդիմությունը պետք է կասեցնեն բոլոր այն գործընթացները, որոնք ներգաղթին չեն նպաստելու: Ես կարծում եմ՝ Սփյուռքի նախարարությունը պետք է վերանվանվի սփյուռքի և ներգաղթի նախարարություն, ոչ թե հայերին արտասահմանում տեղավորելու գործառույթ իրականացնի: Այսօր մեր երկրի առջև դրված ամենամեծ խնդիրը սա է, որ պետք է օր առաջ լուծել»:
Քաղաքագետի խոսքով՝ եթե ունենանք արդար դատարաններ, արդարադատություն, ապա այս բոլոր հարցերը կլուծվեն. «Հիմա դատարաններ ունենք, կա իրավական համակարգ, բայց դա արդարադատություն չէ: Լավ կլինի, որ մամուլը բոլոր դատավորներին իր աչքի առաջ պահի, անընդհատ լուսաբանի նրանց գործունեությունը, թույլատրելի չափով՝ կենցաղը և հարստացման կամ աղքատացման չափերը: Եթե սա լինի, ապա վստա՛հ եղեք՝ Հայաստանում կյանքը կփոխվի, ներքաղաքական վիճակն էլ իր հունով կգնա»:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և Սերժ Սարգսյանի ստորագրած հռչակագրին, Լ. Շիրինյանն ասաց, որ այն իր սրտով էլ չէ. «Այսպես ասած՝ բալանսավորված հռչակագիր է: Կարծում եմ՝ այստեղ մի փոքր Արևմուտքին բարձրացնելու միտում կա: Ըստ էության՝ ՆԱՏՕ-ն բովանդակային առումով վերածվում է տարածքային ամբողջականություն պաշտպանող մարմնի: Տարօրինակ բան է կատարվում.այսօր ռուսական պետությունը, որը դիտվում է որպես հետադիմության, աշխարհակարգը քանդող մի ուժ, այս կամ այն կերպ ողջունում և պաշտպանում է ինքնորոշման իրավունքը: Բայց տարածքային ամբողջականության կողքին պիտի ասվի, օրինակ, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունք, սակայն ժողովուրդների իրավահավասարությունը հանվում է և ինքնորոշումն է կցկտուր մնում: Սա բոլորովին էլ առաջընթաց չէ»:
Անդրադառնալով նաև ներքաղաքական զարգացումներին՝ պարոն Շիրինյանն ասաց, որ քաղաքականությունն առհասարակ հույսով ապրելու վրա չէ, և նայելով ընդդիմադիր քառյակի գործողություններին, ըստ նրա՝ հասկանալի է դառնում, որ խոստացված թեժ աշունն առանձնապես հուսատու չէ, իսկ քանի որ հուսատու չէ, ապա իրենք պետք է ձգտեն իրենց խոսքի տերը լինել.
«Առանց այն էլ աշունը շատ տաք է և թեժ Հայաստանում: Այդ ի՞նչ 12 կետ են ներկայացրել: Ըստ էության այն մասին է, թե իշխանության հետ կոմպրոմիսի գնալու են թե չէ: Հայաստանում ներքաղաքական վիճակը թեժ էր այն ժամանակ, երբ գործը հասավ վարչապետի հրաժարականին, որից հետո դրա վրա ջուր լցվեց: Այդ ինչպե՞ս են երկու օրում տաքացնելու, մանավանդ որ քառյակը վստահության ռեսուրս առանձնապես չունի: Հայաստանում ժողովրդական, պետական ընդդիմություն չի ձևավորվում, քանի որ իրար հետ գնում են հարսանիքի, իրար հետ գնում են հանգստանալու, իրար հետ արձակուրդից գալիս են և եթե փորփրեք, գուցե մեկը մեկի հետ խնամի-բարեկամ են կամ իրենց երեխաներին տեղավորել են իշխանության տաքուկ անկյուններում աշխատելու և այլն:
Հենց այս պատճառով էլ ես հույս չունեմ, քանի որ ֆիզիկապես ճանաչում ենք այդ մարդկանց: Շատերը նույնիսկ նրանցից հոգնել են և նրանք պետք է ապացուցեն, որ որպես ընդդիմություն վստահելի են դեռևս»: