
ԱԺ նստաշրջանը մեկնարկեց աղմուկով

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանը: Երկարատև արձակուրդից հետո պատգամավորներն աղմկում էին, ինչը չվրիպեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աչքից:
«Աղմուկը շատ է, երևում է՝ լավ եք հանգստացել»,- նկատեց ԱԺ նախագահը:
Նստաշրջանը հայտարարվեց բացված 123 պատգամավորների ներկայությամբ: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ օրակարգը բաղկացած է 3 մասից՝ առաջինում 20 նախագծեր են, որոնց գլխամասային հանձնաժողովները տվել են եզրակացություններ, երկրորդ մասում ոչինչ չկա, երրորդում՝ անհետաձգելի համարված նախագծերն են:
Խոսք խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում քարտը նորմալ չէր աշխատում:
«Որ երկար բացակայում եք, քարտն էլ է փչանում»,- նկատեց Գ.Սահակյանը:
«Պարոն Սահակյան, իհարկե, ես բացակայել եմ, բայց այս ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել: Թեև մեծամասնություն եք կազմում, բայց խոցելի մեծամասնություն եք»,- պատասխանեց Փոստանջյանն ու, ինչպես ամեն նստաշրջանի սկզբում, պահանջեց ԱԺ օրակարգից հանել «խայտառակ» հայ-թուրքական արձանագրությունների վավարացման հարցը:
«Խոցելի փոքրամասնությանն ասեմ, որ այդ հարցը հռետորական է, բազմիցս պատասխաններ տրվել է, օրակարգից, եթե դուրս գան, կիմանաք: Այս պահին, իմ կարծիքով, նպատակահարմար չէ»,- հակադարձեց Գ.Սահակյանը: