
Արտակ Շաբոյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ. նա հանդես կգա ելույթով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 8-ից 10-ը անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 40-րդ նիստին:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միջպետական խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Նախատեսվում է քննարկել առանձին երկրներում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև տարվա ընթացքում մրցակցային օրենսդրության խախտման ուղղությամբ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, ով հանդիսանում է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես կանդրադառնա Մաքսային միությանն անդամակցության շրջանակում Հայաստանի ինտեգրման գործընթացին՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների փոխգործակցությանն առնչվող հարցեր: