Գալիք տարվա պետական բյուջեն կրկին ունենալու է սոցիալական ուղղվածություն
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015-2017թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հետ կապված հարցեր: Վարչապետի խոսքով` բյուջետային ընդհանուր քաղաքականությունը մնալու է նույնը, քննարկվելիք միջնաժամկետ ծրագրերն ուղեցույց են հանդիսանալու բյուջեի ձևավորման համար:
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի խոսքով` ըստ ոլորտների ներկայացված բոլոր ծրագրերը հիմնականում համահունչ են կառավարության ծրագրին: Ըստ նրա` 2015 թ. եկամուտները նախատեսվածից պակաս կլինեն` պայմանավորված ՀՀ-ից տրամադրվող ամենամյա միջպետական վարկի նվազմամբ: Գալիք տարվա պետական բյուջեն կրկին ունենալու է սոցիալական ուղղվածություն: Տարեցտարի միայն աշխատավարձերի և թոշակների 10-18 տոկոս բարձրացման համար բյուջեից ավելի քան 6մլրդ դրամ է հատկացվելու:
Վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին կոչ է արել գալիք տարվա պետական բյուջեի պլանավորման ընթացքում նոր ծրագրեր չներկայացնել: Ա. Հարությունյանը առաջարկել է դրանք ընդգրկել հաջորդ բյուջետային տարում, քանի որ 2016 թվականից կանխատեսվում է հանքաարդյունաբերության հաշվին սեփական եկամուտների ծավալների աճ: Կառավարության ղեկավարն կոչ է արել նաև հնարավորինս կրճատել դեֆիցիտը և գալիք տարվա բյուջեի ծախսային մասը ձևավորել մոտ 86մլրդ դրամի շրջանակներում:
Բացառությամբ սոցիալական ծրագրերի, ըստ առաջնահերթության՝ կվերանայվեն մի շարք ոլորտների այլ ծրագրեր:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին