Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի ու Ղրիմի հարցերը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի ու Ղրիմի հարցերը.
«Կարևոր է Ադրբեջանին ՆԱՏՕ-ի տված խոստումների իրագործումը: Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն ունի մեծ կարևորություն, և այդ հակամարտությունը պետք է ստանա իր լուծումը»:
Անդրադառնալով Ուկրաինայի խնդրին՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան այսուհետ նույնպես աջակցելու է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ազգային միասնությանը: Էրդողանը վերստին հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը:
Էրդողանն անթույլատրելի է համարել Ղրիմի թաթարների մեկուսացումը՝ ընդգծելով, որ նրանք հայտնվել են ճնշումների ներքո: Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև Իրաքի, Սիրիայի ու Աֆղանստանի խնդիրներին: