ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն համաձայն են Զարուհի Փոստանջյանի հետ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով մինչև վերջերս հայտնի էր իր քաղաքական ընդդիմադիր կեցվածքով և հեղափոխական խառնվածքով, թերևս, որոշել է իրեն ամբողջովին նվիրել բնապահպանությանը:
Այսօր ԱԺ Բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովը, որի անդամ է տիկին Փոստանջյանը, քննարկեց նրա կողմից ներկայացված՝ «Սևանա լճի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական առաջարկը:
Փոստանջյանն առաջարկում է գործող օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով, ըստ որի՝ «Հանձնաժողովը Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններ շահագործող տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնում է ձկների ձվադրման ընթացքում հիդրոէլեկտրակայանների աշխատանքի կասեցման հաստատված ժամանակացույցը»:
Զ. Փոստանջյանն ասում է, որ Սևանա լճի ջրահավաք ավազանի գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանները լուրջ խոչընդոտ են մի շարք ձնկատեսակների ձվադրման համար, և պետք է նրանց ձվադրման շրջանում կասեցնել հիդրոէլեկտրակայանների գործունեությունը՝ ձկներին այդ գետերով ազատ տեղաշարժի հնարավորություն տալու համար: Հանձնաժողովի բոլոր անդամները, այդ թվում և՝ հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մարտուն Գրիգորյանը և փոխնախագահ Տաճատ Վարդապետյանը, կիսում էին Փոստանջյանի մտահոգությունը, և նրանք համաձայնեցին, որ Փոստանջյանի առաջարկը մտնի սեպտեմբերի 8-11-ի քառօրյայի օրակարգ:
Ինչպես տեսնում եք՝ միշտ չէ, որ իշխանության և արմատական ընդդիմության ներկայացուցիչներն իրար հետ վիճում են, հանուն ազգային շահերի՝ նրանք պատրաստ են նաև համաձայնության գալ և համագործակցել: Այդ համագործակցության շրջանակները գնալով ընդլայնվում են: