Google-ն անչափահասների օնլայն գնումների համար կվերադարձնի 19 միլիոն դոլար
Ամերիկյան The Wasington Post թերթի փոխանցմամբ՝ Google ընկերությունը համաձայնվել է սպառողներին առնվազն 19 միլիոն դոլար փոխհատուցել նրանց երեխաների կողմից բջջային հավելվածներ գնելու համար, ինչն իրականացվել է առանց նրանց ծնողների համաձայնության:
Ընկերությունն այդ համաձայնագրով ի կատար ածեց ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովի (Federal Trade Commission) որոշումը՝ կապված օնլայն-խանութներում երեխաների կողմից հավելվածներ գնելու հետ: Սրանից առաջ էլ Apple ընկերությունն է հարկադրված եղել նույն պատճառով վերադարձնել 32.5 միլիոն դոլար:
Google-ի պարագայում հանձնաժողովը պարզել է, որ Google Play store-ում անչափահասների կողմից չարտոնյալ գնումները սկսվել են 2011 թվականից: Բեռնված հավելվածների գները կազմել են 99 սենթից մինչև 200 դոլար:
Գլխավոր խնդիրը եղել է այն, որ օնլայն խանութում գնումներ կատարելը պաշտպանված չի եղել գաղտնաբառով, ինչի համար էլ երեխաները կարողացել են գնումներ կատարել՝ պատահաբար դիպչելով մկնիկին: 2012 թվականին Google-ն ուղղել էր այդ բացթողումը, սակայն ոչ ամբողջությամբ: