
Հայաստան կայցելի Ավստրիայի արտաքին գործերի նախարարը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։
Ավստրիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Նույն օրը Ավստրիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այցի շրջանակներում Ավստրիայի արտգործնախարարը ներկա կգտնվի Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը:
Լրագրողների հավատարմագրումը կատարվում է հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected]` նշելով լրագրողի, օպերատորի և լուսանկարչի անուններն ու լրատվամիջոցը, ինչպես նաև` հավատարմագրման միջոցառումը (հանդիպման տեսա լուսանկարահանում և/կամ ասուլիսի մասնակցություն):