«Տիգրան ինչի համար տվիր` սպանիր, մի կրակի, էլի, մի կրակի, կրակում ա», «Տիգրա՛ն, բոյդ թաղեմ». Բուդաղյանների փաստաբանը հրապարակում է Ս. Խաչատրյանի տանը կրակոցների օրը հնչած խոսակցություները

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկներից մեկը ֆիքսել է նաև խոհանոցում տեղի ունեցող խոսակցությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին դա հայտնի չի եղել, հետագայում փորձաքննության ընթացքում փորձագետներին հաջողվել էր խոսակցությունը վերծանման ձևով ներկայացնել: Հայկ Ալումյանն ասաց, որ խոսակցությունները կարելի է պայմանականորեն բաժանել երեք մասի.

Առաջին մասն այն խոսակցություններն են, որոնք տեղի են ունենում նախքան հրաձգությունը: Ըստ Հայկ Ալումյանի՝ խոսակցությունների ընթացում Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի հետ քննարկվում է Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում տեղի ունեցածը. «Բաց տեքստով խոսվում է այն մասին, որ Ավետիք Բուդաղյանին ծեծել են, ընդ որում՝ պարզ երևում է, որ ծեծողը կամ ծեծողներից առնվազն մեկը եղել է Սուրիկ Խաչատրյանը»:

Խոսակցություների երկրորդ մասն, ըստ Հայկ Ալումյանի, վերաբերում է բուն դեպքի ընթացքում հնչող խոսքերին. «Դրանք շատ կարևոր են և ակնհայտորեն հերքում են նախաքննական մարմնի այն վարկածը, թե Արտակ և Ավետիք Բուդաղյանների վրա եղած կրակոցները կատարվել են ինքնապաշտպանական դրդումներից և իբրև թե անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»:

Երրորդ հատվածում, ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, դեպքից հետո տեղի ունեցած խոսակցություններն են: Ըստ նրա՝ այդ հատվածում տանը գտնվող անձինք քննարկում են, թե ինչ պետք է անեն տան զենքերը:

Կարդացեք նաև

Հայկ Ալումյանը հրապարակեց փորձագետների կողմից վերծանված խոսակցությունների մի մասը: «Տղամարդու ձայն 3: Սա Զարզանդ Նիկողոսյանն է, նկարագրում է մեքենայի մեջ տեղի ունեցած դեպքը՝ էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջցրին: Զարզանդ Նիկողոսյանի, որի հետագա ցուցմունքների համաձայն՝ ինքն է ծեծել և ավտոմեքենայից հանել, Սուրիկ Խաչատրյանն էլ կապ չունի, (ավտոմեքենայի մեջ եղել է Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, վարորդը՝ Արագած Ղևոնդյանը և Զարզանդ Նիկողոսյանը) պատմում է՝ է, Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջացրին»,- ներկայացրեց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ դեպքի ընթացքում էլ կանանց կողմից հնչել են հետևյալ գոռգոռոցները. «Ցավդ տանեմ, Տիգրան, Տիգրան, ճիչ, Տիգրան ինչի համար տվիր սպանի, մի կրակի, էլի, մի կրակի, կրակում ա», «Տիգրան, բոյդ թաղեմ», «Մի կրակի, էլի, աման», «Բա ասում եմ՝ մի կրակեք, անասուն». «Խոսողները հենց այդ Տիգրանի ամենամտերիմ ազգական կանայք են: Այսինքն՝ եթե այդ պահին Տիգրանին վտանգ սպառնար, սա չէր լինի իրենց գոռգոռոցների բովանդակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս