«Իսլամական պետությունը» ստեղծել է իր ավտոտեսչությունը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» ստեղծել է իր ավտոտեսչությունը: Դուբայը ներկայացնող լրագրող Ջենան Մուսան Twiter-ում տեղադրել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանք վճարելու ստացականի լուսանկարը:
Ձեռագրով գրված այս փաստաթուղթը թողարկվել է Ռաքքահ քաղաքում, որը զինյալները գրավել են դեռևս 2013 թվականի մարտին և որը համարվում է օկուպացրած սիրիական տարածքներում իսլամականների ոչ պաշտոնական մայրաքաղաքը:
Առաջին տողում տպագրված է «Շամի (Սիրիա) ու Իրաքի իսլամական պետություն», իսկ ծառայության անվան տեղում՝ «Իսլամական ոստիկանություն, ճանապարհային երթևեկության դեպարտամենտ»: Ստացականի համաձայն, լրագրողը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ դուրս գալով ճանապարհի հանդիպակաց մաս:
Փորձագետները լիովին տրամաբանական են համարում «Իսլամական պետության» այդ քայլը, քանի որ Սիրիայում ու Իրաքում զգալի տարածքներ գրաված իսլամականները բախվել են դրանցում կյանքն ինչ-որ կերպ կազմակերպելու անհրաժեշտությանը:
Զինյալները հիմնել են շարիաթական դատարաններ, սեփական ոստիկանություն, սակայն չեն միջամտել կոմունալ ծառայությունների աշխատանքին և անգամ նվազեցրել են փոքր բիզնեսի վրա դրված հարկերը: