
Ուելսում ստորագրվել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նորվեգիան ու Նիդերլանդներն Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ստորագրել են արագ արձագանքման միացյալ ուժեր (Joint Expeditionary Force) ստեղծելու մասին համաձայնագիրը:
Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միքսերը հայտարարել է, որ արագ արձագանքման միացյալ ուժերն Էստոնիային լավ հնարավորություն են տալիս շարունակելու Մեծ Բրիտանիայի ու մյուս դաշնակիցների հետ սերտ համագործակցությունը:
Նա ընդգծել է, որ այդպիսի զորքի ստեղծումը հանդիսանում է կոնկրետ քայլ՝ ուղղված իրադարձություններին արձագանքելու հարցում ՆԱՏՕ-ի հնարավորությունների ընդլայնմանը: Նոր զորամիավորումը Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ստեղծվելու է առաջիկա տարիների ընթացքում և բաղկացած է լինելու ՆԱՏՕ-ի անդամ այդ 7 երկրների ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի զինծառայողներից:
Դրա նպատակը ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկրի համար ռազմական սպառնալիքներին, ինչպես նաև բնական աղետներին ու հումանիտար ճգնաժամերին արագ արձագանքելն է: