Կադիրովը խոստացել է ոչնչացնել Ռուսաստանին սպառնած «Իսլամական պետության» զինյալներին
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին, որոնք սպառնացել են պատերազմ սկսել Կովկասում: Կադիրովը «մանկական սպառնալիք» է որակել Չեչնիայում ու Կովկասում պատերազմ սկսելու հաղորդումը:
Կադիրովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այդ վիժվածքները որևէ կապ չունեն Իսլամի հետ: ԱՄՆ-ին ենթակա բոլոր երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի հանդեպ և ոչնչի չեն հասել, իսկ այստեղ ինչ-որ անլվա հանցագործ որոշել է տարբերվել մյուսներից:
Ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նա, ում մտքով անցնել է սպառնալ Ռուսաստանին ու տալ մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, կոչնչացվի այնտեղ, որտեղ որ նա արել է դա:
Ռուսաստանում կան արժանի զավակներ, որոնք պատրաստ են կատարել յուրաքանչյուր հրաման, կոտրել յուրաքանչյուր թշնամու պարանոցը նրա իսկ որջում»: Կադիրովը կարծում է, որ «Իսլամական պետության» զինյալներին պատրաստել ու սպառազինել են ԱՄՆ-ն ու Արևմուտքը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սպառնացել էին պատերազմ սկսել Կովկասում և ազատագրել Չեչնիան: