ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա արդեն զգացվում է. Վահագն Խաչատրյան
Ռուսաստանը չի գնա Ղազախստանի հետ հակամարտության, որքան էլ անհաճո արտահայտություններ հնչեցին: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԱԿ կուսակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ՌԴ-ն հակամարտության նոր ճակատ բացի՝ հաշվի առնելով վերջին շրջանում Ղազախստանի հետ հարաբերությունների որոշակի լարումը, Պուտին-Նազարբաև փոխադարձ հայտարարությունները:
Ըստ նրա՝ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների արձագանքները բացասական առումով դեռ շատ երկար ենք լսելու: Վ.Խաչատրյանի կարծիքով՝ իրականում խնդիրը շատ լուրջ է, նույնիսկ չափից ավելի, քան կարելի է պատկերացնել, ընդ որում՝ առաջիկա տարիներին ՌԴ տնտեսության կանխատեսումները շատ վատն էին՝ մոտ 1% աճ, դեռ առանց Ուկրաինայի դեպքերի. «ՌԴ սոցիալական բեռը պահանջում է ահռելի ծախսեր»: Բանախոսի կարծիքով՝ կարելի է սպասել նոր պատժամիջոցների: Վ.Խաչատրյանը նշեց, որ ռուսական ֆինանսական համակարգը բավականին ինտեգրված է եվրոպական ու ամերիկյան համակարգերին և այժմ կաթվածահար վիճակում է. «Բայց ոչ միայն ՌԴ-ի վրա են ազդում պատժամիջոցները, դրանք նաև ԵՄ-ի վրա են ազդում: Ոչ մեկը չէր սպասում, որ նման ազդեցություն կլինի Գերմանիայի վրա»:
Պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա արդեն զգացվում է՝ ՌԴ-ից եկող տրանսֆերտները 10%-ով նվազել են, իսկ խոստացված ներդրումներն էլ այլևս չեն արվի:
Անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու դեպքում Ղարաբաղի խնդրին՝ Վ.Խաչատրյանը նշեց, որ ՀՀ իշխանությունը տեղեկություններ չի հրապարակում, թե Ղարաբաղի հարցը ինչպես է լուծվելու. «Ես չեմ կարող ասել ինչ է լինելու, որովհետև իշխանությունը ոչինչ չի ասում: Կարող է սեպտեմբերի 3-ի նման մի հոկտեմբերի 10 լինի ու մենք փաստի առաջ կանգնենք, առավել ևս, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ-ն անդամակցում է ՄՄ-ին միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով»: