Պ. Հայրիկյան. «Ուշադրություն շեղելու համար՝ մի քանի ջահելների ասում են՝ «վերցրեք այս մի քանի հազար դրամը, հայտարարություն տվեք, ընգեք մեջտեղ»

«Ցույցի իմաստը ցույցն է, եթե ցույց ես անում, ուրեմն՝ քո նպատակը մի բան ցույց տալն է ընդամենը, բայց շատ կարևոր է, թե այդ ցույց տվողը, ցույց անողը ով է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով սեպտեմբերի 3-ին կայանալիք ցույցի մասին:

Հիշեցնենք, որ Ազգային ինքնորոշում միավորումը սպետեմբերի 3-ին (այս օրը լրանում է Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամագրվելու մեկ տարին) կազմակերպել է «Ազգային Դավաճանության մեկ տարին» խորագրով ցույց:

Պ. Հայրիկյանը նկատեց, որ շատ կարևոր հանգամանք է այն, թե ով է անում ցույցը. «Օրինակ, Մոսկվայում Սախարովը կարող էր մենակ ցույց անել, և կարող էին 100 հոգի ցույց անեին, դրանք տարբեր նշանակություն ունեն այն տեսակետից, թե մասնագիտացված մոտեցում է ցույց տրվո՞ւմ, թե՞ սիրողական: Այդ տեսակետից, ես կարծում եմ՝ իսկապես պետք է լինի: Ամենակարևորը թույն չկա: Այն, ինչ դու ասում ես, պետք է դիմացինիդ համար էլ անառարկելի լինի: Եթե դու ասում ես մի բան, որ կարող ինչ-որ մեկի համար ենթակայական, սուբյեկտիվ, ոչ առարկայական թվալ, այդ դեպքում խոցելի է: Այս դեպքում հիմնական նպատակը ցույց տալն է, հիշեցնելն է, որ այսպես չի կարելի:

Իշխանություններից հրաժարվելը կործանում չէ, մահ չէ, բայց եթե դու ակնհայտ սխալներ ես անում, կամ պետք է ասես՝ «ես սխալվել եմ և քանի որ ես այսպիսի սխալ եմ թույլ տվել, ըստ երևույթին, այս գործը պետք է ուրիշ մարդ շարունակի», կամ էլ ասում ես՝ «ես խաբել եմ, լավ եմ արել, կշարունակեմ խաբել, խաբելով ապրելը՝ ճիշտ է, խաբեցի քեզ ժողովուրդ, խաբեցի արտասահմանցի մեր բարեկամներին, մեր դաշնակիցներին»:

Կարդացեք նաև

Նշենք, որ նոիկմ օրը՝ սեպտմբերի 3-ին քաղաքացիական նախաձեռնություններից մեկը նույնպես ցույց է կազմակերպել՝ «Բողոք-ցույց ընդդեմ ՄՄ և ԵՏՄ Հայաստանի բռնակցմանը» խորագրով: Վերջինս տեղի է ունենալու ժամը 13:30-ին՝ Ազատության հրապարակում, իսկ Ազգային ինքնորոշում միավորման ցույցը ժամը 17:00-ին՝ Բաղրամյան 26-ում:

Հիշեցնենք նաև, որ քաղաքացիական նախաձեռնության ցույցն ի սկզբանե պլանավորված էր սեպտեմբերի 9-ին: Սակայն, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 8-9-ը Հայաստան չի այցելելու, նախաձեռնության անդամները որոշեցին փոխել օրը:

Պ. Հայրիկյանից հետաքրքրվեցինք՝ եթե քաղաքացիական նախաձեռնության և ԱԻՄ-ի նպատակը մեկն է, հնարավո՞ր չէ մեկ համատեղ ցույց կազմակերպել. «Ես չգիտեմ՝ ով ինչ է անում, բայց դուք մոտավորապես ասեցիք սա, որ կանոնավոր բանակը գնում է կռվի և կողքից որոշ մարդիկ ասում են՝ մենք էլ ենք գալիս կռիվ: Կամավորն ինչպես գալիս է կամավոր, այնպես էլ կամավոր կարող է գնալ, իսկ պրոֆեսիոնալ բանակն ունի պարտավորություն ինքն իր հանդեպ: Թե չէ՝ քաղաքացիական նախաձեռնություններն ինձ համար շատ ողջունելի են, բայց այդ քաղաքացիական նախաձեռնությունը շատ տարտամ մի բան է, քանի դեռ չի ձևավորվել որպես շարժում: Քաղաքացին նրանով է քաղաքացի, որ ինչ ուզի, այդ էլ կանի, իսկ քաղաքական, կուսակցական գործիչը պատասխանատվություն ունի: Այնպես չէ, որ այսօր ինչ ուզեմ՝ կանեմ, ինչպես, ասենք, «Դ!եմ եմ» շարժումը: Մարդիկ ասում են դա ինքնորոշման շարժում է, բայց մենք մեզ խաղալիք չդարձրինք, որ գնանք խանդավառված ասենք՝ վայ ջահելիկներ, մեջտեղ եք եկել, ինչ լավ է, որ դուք կաք:

Չէ, եթե նույն բանն են անում, թող անեն, միայն ողջունել կարելի է, բայց ես պարտավորություն ունեմ ինձ հավատացող մարդկանց հանդեպ և այդ պարտավորությունն ինձ ուղղակի դնում է շրջանակների մեջ»:

Պ. Հայրիկյանը հույս հայտնեց, որ քաղաքացիական նախաձեռնության կողմից նույն օրը կազմակերպված հանրահավաքը ուշադրությունը շեղելու համար չէ. «Ընդհանրապես, ուշադրություն շեղելու համար՝ մի քանի ջահելենրի ասում են՝ «վերցրեք այս մի քանի հազար դրամը, հայտարարություն տվեք, ընգեք մեջտեղ»: Հուսամ նման բան չէ: Ինքնին կարգախոսն արդեն լավ է, եթե երիտասարդներն են հասկանում այն, ինչ ցանկացած չափահաս մարդու համար ակնհայտ է, լավ է, կարելի է միայն ուրախանալ դրա համար»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:

Տեսանյութեր

Լրահոս