Պետական բուհերի դասախոսների դիմում-նամակով կզբաղվի ֆինանսների նախարարությունը
Պետական բուհերի դասախոսների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված դիմում-նամակով կզբաղվի ֆինանսների նախարարությունը: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:
«Վարչապետը ծանոթացել է իրեն ուղղված նամակին, հանձնարարել ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրելու բարձրացված խնդիրը»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ պետական բուհերի դասախոսներն օգոստոսի 30-ին բաց նամակով () դիմել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ բարձրաձայնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված մի խնդիր, որի հետևանքով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ, ովքեր աշխատում են նաև մասնավոր ոլորտում, կարող են ստիպված լինել հեռանալ պետական բուհերից: Ըստ դասախոսների՝ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս մասնավոր ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից, սակայն նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարձու աշխատողներին: Հայաստանի Հանրապետությունում պետական բուհերն ունեն հենց պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև: Հետևաբար, բուհերի որևէ դասախոս, ով ծնվել է 1974թ.-ի հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաև մասնավոր ընկերություններում, քանի որ համալսարաններից դուրս ստացվող եկամտի նվազեցումը հաճախ ավելին է լինելու, քան համալսարաններից ստացվող աշխատավարձը: Դասախոսները Հ. Աբրահամյանին խնդրել են ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր: