
Սաակաշվիլու նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում

Ռուսական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում: Սաակաշվիլու նկատմամբ օգոստոսի կեսից Վրաստանում հայտարարվել էր ներպետական հետախուզում:
Վրաստանի Գլխավոր դատախազությունն այժմ սկսել է նրան Ինտերպոլի Կարմիր շրջաբերականում ընդգրկելու ընթացակարգը: Սաակաշվիլու հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին հայտնել է երկրի Գլխավոր դատախազության` հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նատիա Սուխիաշվիլին:
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 14-ին էլ Սաակաշվիլու հանդեպ հայտարարվել էր ներպետական հետախուզում: Սաակաշվիլու դեմ Վրաստանում հարուցված է մի քանի գործ:
Սաակաշվիլու գործով դատական առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 22-ին, սակայն նախկին նախագահը, հազիվ թե, ներկայանա դրան: Ներկայումս նա գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս և չի պատրաստվում վերադառնալ հայրենիք: