Բաժիններ՝

Ի՞նչ է սպասվում Մեղրիին. «Տարիներ անց մարդիկ կտեսնեն, որ զավակ չեն ունենում, հողի բերրիությունն է վերացել, և աստիճանաբար կլքեն տարածքը»

Օգոստոսի 21-ին Տաշտունի գյուղապետարանում տեղի են ունեցել «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Բնապահպաններն այս լսումներն անվանում են «թատերական ներկայացում»: Խնդրի շուրջ զրուցեցինք Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ, ով նույնպես մասնակցել է լսումներին:

– Պարոն Սանասարյան, լսումներն ինչպե՞ս անցան, ի՞նչ ցույց տվեցին:

– Լսումներն ամբողջությամբ բեմականացում էր: Ցույց են տալիս, թե ժողովրդի կարծիքը հաշվի են առնում, բայց այդ լսումներին գյուղի բնակիչներից ներկա էին միայն հանքավայրում աշխատողները: Այսինքն` գյուղի կարծիքն իրականում հաշվի չեն առնում: «Ատ-Մետալսի» գրասենյակի պատասխանատու Հայկ Մեժլումյանը ներկայացրեց, որ այս հանքավայրի շահագործումը բնակչության համար կունենա խիստ դրական նշանակություն, տարեկան 100-110 աշխատատեղ կստեղծվի՝ բարձր վարձատրությամբ, առաջին ծրագիրը կտևի 7,5 տարի: Չմոռացան ասել նաև, թե տվյալ հանքավայրի շահագործումն ընդհանրապես հանքարդյունաբերության համար ունի գիտական մեծ նշանակություն: Սակայն վերջում, երբ ես փորձեցի նախագծի մասին որոշ բաներ ասել, չթողեցին անգամ 2 րոպե խոսել, մինչդեռ մյուսների համար սահմանափակում չկար: Ես բերում էի հիմնականում նախագծային տվյալներ:

Նախ՝ այդ հանքավայրը Մեղրիի լեռնաշղթայի ամենագագաթային մասն է, ամբողջ ողնաշարը 2 կողմի համար ջրագոյացման ավազան է. մի կողմից՝ դեպի Քաջարան, մի կողմից՝ դեպի Մեղրի: Նրանք այդ լեռնակատարը ոչնչացնում են, մինչև 160 մ խորությամբ պետք է քանդեն: Հայտնի չէ՝ կա՞ մի կարգ, որը թույլ է տալիս լեռնակատարներն իջեցնել, քանդել:

Կարդացեք նաև

Tashtun (2)

Մեժլումյանն ասում է, թե իրենց գործունեությունը բաց է, բայց լսումներից հետո նա մերժեց մեր խնդրանքը և թույլ չտվեց մուտք գործել փորձարարական գործարան: Նախկինում ընդհանուր նախագծերում ընդգրկվում էին հանքավայրի, պոչամբարի և վերամշակող գործարանի նախագծերը: Այս երեքը միասին մեկ օրգանիզմ է: Իսկ «ԱՏ-մետալս» ընկերությունը նախագիծը կտոր-կտոր է ներկայացնում: Այդպիսի կարգ որևէ օրենքում չեմ գտել: Անթույլատրելի է նախագիծը ծվատած՝ մաս-մաս ներկայացնելը, իսկ Բնապահպանության նախարարությունն ընդունում ու քննարկման է դնում ոչ օրինական այդպիսի նախագծերը:

– Ի՞նչ խնդիրներ կծագեն հանքի շահագործման դեպքում:

– Ներկայացնում են, թե հանքավայրը շատ շահեկան է թե´ պետության, թե´ գյուղի համար: Բայց այդ հանքավայրի ներքին նիշում գտնվում է ամբողջ Մեղրիի տարածաշրջանի ջրագոյացման համակարգը: Սա խախտվում է, քանի որ հանքաքարը հանելու են պայթեցումներով, որի ժամանակ առաջանում են ճաքեր, և ջուրը կարող է իջնել ավելի խորքային նիշեր: Նաև՝ այդ ջուրը սովորական ջուր չի լինելու, նրա մեջ կլինեն լուծված ծանր մետաղների աղեր: Այսինքն, այն կարող է աղտոտել ստորգետնյա ջրային ավազանը:

Վերամշակվելիք 373 հազար տոննա հանքաքարի մեջ կա մոտ 1.5 տ ոսկի և մոտ 4 տ արծաթ: Տարեկան վերամշակվեու է 50 հազար տ հանքաքար: Եթե ոսկին ու արծաթը նույնիսկ 100 %-ով կորզեն, ապա կստանան մոտ 64 մլն դոլարի եկամուտ: Բայց նրանք ամեն 1 տ հանքաքար հանելուց 189 տ դատարկ ապարներ լցնելու են բնության մեջ:

Tashtun (3)

Միջինը ստացվում է 64-66 մլն տ մակաբացման ապարներ, որի համար ավելի քան 800 մլն դոլար հարկ պետք է մուծեին պետությանը, սակայն աշխարհի տերերի կողմից Հայաստանին պարտադրված օրենքները հանքարդյունաբերողներին ազատում են այդ հարկերը վճարելուց: Նախագծից պարզ երևում է, որ սպասվելիք եկամուտը 64 մլն դոլար է, իսկ պետությանը հասցվելիք վնասը՝ միայն մեկ թափոնի գծով՝ 800 մլն դոլար:

Ըստ նախագծի՝ խախտվելու, ոչնչանալու է 73 հա հողատարածք, այն դառնալու է հանքային խոռոչներ, կամ թունավոր թափոններով ծածկված: Եվ հենց իրենք հաշվարկել են տարեկան մոտ 555 մլն դրամի տնտեսական վնաս՝ միայն խախտված հողերի և մթնոլորտային օդի աղտոտման համար, որը 7.5 տարիների համար կկազմի մոտ 4.2 մլրդ դրամ կամ 10.4 մլն դոլար:

Իրենք իրենց եկամուտը կստանան՝ կհեռանան, իսկ դրանից հետո շատ լավ հասկանալի է, որ Տաշտուն գյուղը և դրանից ցածր նիշերում եղած բնակավայրերը դանդաղորեն կամայանան: Հանքը շահագործելուց գոնե կարող են ջրահեռացում կատարել, բայց հետո այն դառնում է անտեր տարածք, բոլոր մթնոլորտային տեղումները լցվելու են հանքախորշեր կամ դատարկ ապարների վրա, դրանց մեջ լուծվելու են ծանր մետաղների աղերը և գնալու են՝ ուր պատահի, իսկ փոշին կսփռվի վարելահողերի ու արոտավայրերի վրա: Ընդ որում՝ նախագծում գրել են, որ այս տնտեսական հաշվարկները կատարվում են հենց այնպես, քանի որ դրանք մուծման ենթակա չեն: Իրոք, տնտեսական վնասը զուտ ձևական է հաշվարկվում, քանզի հանքարդյունաբերությամբ զբաղվողներին ազատել են նաև այդ հարկի վճարումից:

– Ինչո՞ւ:

– Այդ հարցի պատասխանը ես էլ կուզեի իմանալ՝ ինչո՞ւ նրանք չպետք է վճարեն այն հարկերը, որոնք պարտադիր են տնտեսական գործունեությամբ զբաղվողներին, ինչո՞ւ հանքարդյունաբերությամբ զբաղվողներն այդ հարկերը չպիտի մուծեն պետական գանձարան: Նաև պետք է ասեմ, որ նախագծում գրված է, թե դատարկ ապարները պատկանում են ոչ վտանգավոր թափոնների դասին:

Ամենևին այդպես չէ. դատարկ ապարների մեջ կան ծանր մետաղներ, և պատահական չէ, որ համաշխարհային փորձը հետևյալն է՝ դատարկ ապարները լցնում են մի հարթակի վրա, որի հատակը մեկուսացված է շրջակա միջավայրից, և վրան էլ ծածկում են: Այդ ինչպե՞ս եղավ, որ ծանր մետաղներ պարունակող թափոնները ոչ վտանգավոր են:

Երկրորդը՝ նախագծում հիմք են ընդունել այն, որ բնապահպանության նախարարի 2006 թ. N430 հրամանի կից ցանկում դատարկ ապարները գրանցված չեն: Նաև հղում է արված «Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին» օրենքին, որ ոչ վտանգավոր թափոնների դրույքաչափը 0 դրամ է, իհարկե, հանքատերերի համար:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատահեց, որ ԲՆ հրամանին կից ցանկում դատարկ ապարները չկան, և ինչպե՞ս եղավ, որ օրենքն իր հերթին՝ հանքատերերին ազատել է հարկ վճարելուց:

Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում գործում է համակարգված մի կառույց, որը կարողացել է այնպիսի օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր ստեղծել, որ կարողանան ՀՀ ընդերքը կողոպտել: ԽՍՀՄ տարիներին այս հանքերևակումները շահագործման ենթակա չեն համարվել, քանի որ դրանք պարտադիր հարկեր վճարելու դեպքում անգամ ծախսածածկող չեն, իսկ հիմա դրանք հանք են համարվում այն պարզ պատճառով, որ ՀՀ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնողներն ակնհայտորեն գործում են Հայոց պետականության ու հայ ժողովրդի դեմ:

– Ի՞նչ եղանակով է վերամշակվելու հանքաքարը:

– Հանքաքարը վերամշակելու են տարրալվացման եղանակով, օգտագործելու են թիոմիզանյութ (թիոկարբամիդ): Այս եղանակն աշխարհում այնքան էլ տարածված չէ: Հետագայում տարածքում, որտեղ տարրալվացման կույտն է հավերժորեն մնալու, անընդհատ ծծմբաջրածին է անջատվելու, և հոտած ձվի հոտ է տարածվելու: Տաշտունի տարածքը հայտնի է իր սեյսմատեկտոնիկ անհանգիստ վիճակով, շատ հայտնի է Տաշտունի բեկվածքը:

Ի՞նչ է սպասում այդ գյուղին և նրանից ցածր նիշերում եղած բնակավայրերին: Փաստորեն, այդ հանքավայրի շահագործումը և Տաշտուն գյուղի մոտ հանքաքարի վերամշակման արտադրության կառուցումն ամբողջովին կլուծի ոչ միայն Տաշտունի խնդիրը, այլև ներքև ընկած ողջ ջրավազանի հարցը: Տաշտունից մինչև Մեղրի մոտ 30 կմ է, բայց շատ մեծ թեքությամբ: Եվ նախագիծը կազմող «Ատ-Մետալսի» ղեկավարությունն այս ամենը հրաշալիորեն գիտակցում է: Նրանք ուղղակի տեսնում են, որ ՀՀ-ում գողության համար պայմաններ կան, մասնակցում են այդ գողությանը: Բայց այդ ընթացքում սուտ են խոսում ու նախագիծը ներկայացնում որպես բարիք՝ թե´ ՀՀ-ի, թե´ բնակչության համար:

Tashtun (1)

– Ըստ Ձեզ, եթե ԽՍՀՄ տարիներին հանքի շահագործումն ինքնածախսածածկվող չի համարվել, ինչո՞ւ է հիմա պետությունը թույլ տալիս շահագործել:

– ԽՍՀՄ տարիներին Հայաստանի տարածքը շատ լավ ուսումնասիրվել է, ընդերքում հայտնաբերվել են բազմաթիվ օգտակար տարրեր, բայց դրանց պարունակությունն այնպիսին է, որ դրանց կորզումն ծախսածածկող չէ: Իսկ հիմա հարկերից ազատել են ու հանքերևակումը դարձրել են հանք: Եվ Տաշտունը միակը չէ: Պաշտոնյաները ամբողջ հանքերևակումներն իրար մեջ բաժանելով՝ վաճառում ու վերավաճառում և շահագործում են:

– Հանքի շահագործման դեպքում ի՞նչ կլինի տարածքում առկա ցրված ուրանի հետ:

– Սկսած Ագարակից, Կալեր, Վանք գյուղերի, Քաջարան, Կապան քաղաքների, Փխրուտ գյուղի ողջ տարածքում ցրված ուրան կա: Այդ մասին բազմաթիվ հաշվետվություններում ու գրքերում գրված է, բայց այսօր ո´չ այդ հաշվետվությունների մասին խոսք կա, ո´չ էլ այդ գրքերի, որոնց հղում անելը կարծես արգելված է:

Եթե հանկարծ հղում անես, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ նախագահական համակարգը միաբերան ասում են. «Ո՛չ, այդ քարտեզներն ու հաշվետվությունները սխալ են»: Իրականում, եթե այդ հանքը հանեն, միայն այս մի փոքր՝ 370 հազար տ հանքաքար հանելուց առաջանում է 64-66 մլն տ դատարկ ապար, որոնց մեջ եղած ցրված ուրանը սփռվելու է շրջակա միջավայր: Ընդհանրապես, Մեղրիի տարածաշրջանի գյուղերի ապագայի մասին խոսք լինել չի կարող:

Իհարկե, մարդիկ կարող են ապրել, ինչպես, օրինակ, Չեռնոբիլում 30 կմ տրամագծով արգելված գոտի կա, գյուղերը հողով ծածկված են, բայց այնտեղ խիստ սահմանափակ թվով ապրող մարդիկ կան:

ԽՍՀՄ-ի ժամանակ գոնե ասում էին՝ այս հանքը պետք է շահագործենք, պետք է գյուղը տեղափոխվի: Իսկ այսօր 1 կոպեկ չեն ուզում ծախսել գյուղերի տեղափոխման համար: Տարիներ անց մարդիկ կտեսնեն, որ զավակ չեն ունենում, հողի բերրիությունն է վերացել, և աստիճանաբար կլքեն տարածքը:

Եվ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին: Այսօր «մարդու իրավունք» ասելով՝ հասկացվում են պետական պաշտոնյայի և նրա մերձավորների իրավունքները, որոնք, փաստորեն, ի չիք են դարձնում Հայաստանը և հայ ժողովրդին:

«ԱՏ-մետալսը» 2013 թ. ապրիլից, չունենալով որևէ փաստաթուղթ և թույլտվություն, սկսել է հանքաքարի վերամշակման արտադրության կառուցման և հանքահանման աշխատանքները: Կանաչների միությունը դիմել է Բնապահպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ նախագահին՝ նշելով, որ առանց նախագծի, առանց փաստաթղթերի շինարարություն և հանքահանում է իրականացվում, պահանջելով պատասխանատվության կանչել «ԱՏ-մետալսին»: Որոշ ժամանակ անց Մեղրիի դատախազությունից ստացանք պատասխան, որի մեջ ասվում է, որ Տաշտունի գյուղապետի մեղքն այնքան մեծ չէ, որ պատասխանատվության ենթարկեն, դրա համար գործը կարճվում է: Այսինքն՝ սա լկտիության ամենավերին կետն է: Նոր նշանակված գլխավոր դատախազին ևս դիմեցինք՝ կցելով նախկինի պատասխանը, մինչ օրս որևէ պատասխան չկա:

Tashtun (4)

– Ձեր կարծիքով՝ հանքը ե՞րբ կսկսեն շահագործել:

– Նրանք արդեն շահագործում են, թեև թույլտվությունը դեռ չկա: Ասում են՝ փորձնական գործարանն են շահագործում, բայց ոչ մեկը ջրագոյացման տարածքում փորձնական գործարան կառուցելու իրավունք չունի: Իրենց արածը կոպիտ խախտում է: Եվ ի՞նչ ասել է՝ «փորձնական գործարան»: Փորձնական ուսումնասիրություններ արվում են ինստիտուտների և գիտական այլ հաստատությունների լաբորատորիաներում:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է հնարավոր կանխել այդ հանքի շահագործումը, ելք տեսնո՞ւմ եք:

– Հարկավոր է՝ մամուլը թիկունք կանգնի, հետևողականորեն նյութերը տպվեն, և անընդհատ շեշտվի նախագահի ավերիչ գործունեությունը: Պետք է ցույց տալ, որ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները Հայաստանը փչացնողներ են, նրանք փչացնում են ՀՀ հողը, ջուրը և այնպես են փչացնում, որ օգտագործման համար ոչ պիտանի դառնա հազարավոր տարիներ: Այս ամբողջ ոճիրը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամրագրեցին օրենքով: Հարկավոր է՝ հասարակությունը սա գիտակցի և ընդվզի այս ապօրինությունների դեմ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս