Գառնիկ Իսագուլյան. «Երդմնակալության արարողությանը մասնակցելը որևէ ձևով չի նվաստացնում Հայաստանին

«Ցանկացած նման միջոցառման ժամանակ (այն էլ միջոցառում, որը տեղի է ունենում անմիջական հարևան պետությունում) մասնակցությունը որևէ մակարդակով անպայման անհրաժեշտ է»,- այսօր լրագրղների հետ հանդիպման ժամանակ նման տեսկետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու մասին:

Գ. Իսագուլյանի կարծիքով՝ այս պարագայում կարևոր չէ, թե Էրդողանն իր նախընտրական քարոզչության մեջ կա՛մ մինչև հիմա իր հայտարարություններում, կա՛մ արտահայտություններում ինչ դիրքորոշումներ է ունեցել. «Գիտենք, որ այդ դիրքորոշումները շատ հաճախ փոփոխվում են, շատ հաճախ անհրաժեշտ է, որ մենք որոշակի աշխատանք տանենք, որպեսզի այդ դիրքորոշումները փոփոխվեն: Երդմնակալության արարողությանը մասնակցելը որևէ ձևով չի նվաստացնում Հայաստանին: Իհարկե, շատ կարևոր է, որ այնտեղ որոշակի հանդիպումներ, բանակցություններ, քննարկումներ լինեն: Պետք է ընդունենք այն փաստը, որ Հայաստանը և Թուրքիան հարևան պետություններ են, և վաղ թե ուշ այդ հարաբերություններն անպայման կարգավորվելու են: Եթե այսօր Երևանի փողոցներում քայլում են ազերիներ, Թուրքիայի քաղաքացիներ, Հայաստանում որևէ քաղաքացու կողմից բացասական ռեակցիա նման երևույթներին չի լինում: Հայ ժողովրդի համար ընդհանրապես բնութագրական է հանդուրժողականությունը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը համաձայն է Գ.Իսագուլյանի հետ՝ հավելելով, որ բոլոր դեպքերում մենք պետք է հավատարիմ լինենք մեր մշակութային նկարագրին, անկախ նրանից՝ մեր դիմացն ովքեր են. «Մենք պետք է մեր կերպարի մեջ լինենք, մենք պետք է անենք այն, ինչ մեր վարքագիծն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախարար Նալբանդյանն այսօր Թուրքիայի Նախագահ Էրդողանին է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը` 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Կարդացեք նաև

Գ. Իսագուլյանը Հայաստանի կողմից արված այս դիվանագիտական քայլը նույնպես շատ դրական է գնահատում. «Միևնույն է՝ բազմաթիվ հրավերներ են լինելու, այդ թվում նաև Թուրքիայի ընտրված նախագահին: Նման քայլերով Հայաստանը Թուրքիային դնում է բավականին ծանր իրադրության մեջ՝ անկախ մեր քաղաքագետների, քաղաքական ուժերի տարբեր հնչեցված գնահատականներից»:

Ա. Արշակյանը նկատեց, որ Հայաստանի քաղաքական վերնախավի բոլոր այն քայլերը, որոնք Թուրքիային թելադրում են Հայաստանին հարմար օրակարգ՝ ողջունելի են. «Եթե դա մեր նախաձեռնությունն է, մենք անընդհատ Թուրքիային պահում ենք մեր թելադրած օրակարգով: Պետք է հաշվի առնել, որ դա Թուրքիան է, Թուրքիայի վարչապետն է, նախագահն է, Ազգային Ժողովն է, նրանք այդ երկրի լիդերներն են: Կան Թուրքիայում նաև դիսիդենտներ, որոնք հատուկ կարծիք ունեն Թուրքիայի, հարևանների, իրենց պատմության մասին, բայց նրանք այլախոհ են: Մենք սովորաբար հղում ենք կատարում այդ այլախոհներին, ողջունում ենք, որ վերջապես մի թուրք կա, որ հասկանում է, որ վատ բան է տեղի ունեցել՝ թուրք հասարակությունը զրկվել է հայկական համայնքից:

Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր զարգացող պետություն շահագրհռված է, որ բազմամշակութային զարգացում ունենա: Ես համարում եմ, որ ճիշտ է թելադրել մեր օրակարգը, Թուրքիան անընդհատ պետք է այդ խոչընդոտը տեսնի, նա պետք է դա հաղթահարի՝ իր մեջ հաղթահարի»:

Հարցին, թե կգա՞ արդյոք Թուրքիայի նախագահը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողությանը մասնակցելու, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Հնարավոր է, որ նախագահը չգա, բայց Էրդողանի ժամանակվա պատմությունը ցույց է տալիս, որ քայլեր արվում են: Թուրքիան տեսնում է, որ կարելի է Հայաստանի հետ պայմանավորվել, կարելի է հաշտության ճանապարհներ փնտրել: Թուրք հասարակությունը սովորում է հայկականը, հային տեսնել որպես դրացի, գործընկեր»:

Տեսանյութեր

Լրահոս