Ստեփան Սաֆարյանը` արտգործնախարարի թուրքական այցի մասին. «Գնում ես, որ ի՞նչ անես»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Թուրքիա կատարած այցից չարժե մեծ ակնկալիքներ ունենալ: Այսօրվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

«Այս օրերին թուրքագետների կողմից շատ է քննարկվում հարցը` արժե՞ր գնալ Թուրքիա, թե՞ ոչ կամ ի՞նչ մակարդակով արժեր գնալ: Ինձ համար մի փոքր տարօրինակ է ձևի քննարկումը: Շատ ավելի կարևոր եմ համարում, թե, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը` գնում ես, որ ի՞նչ անես: Այս իմաստով, կարծում եմ, թե´ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները, թե´ նաև փորձագետները առաջին հերթին պետք է խոսեն այն նպատակներից, որին ուզում է հասնել Հայաստանը, և արդյոք ներկա պայմաններում հնարավո՞ր է հասնել այդ այցելության նպատակներին: Հետևաբար, այս այցից շատ մեծ ակնկալիքներ ունենալ հնարավոր չէ»,- նշեց Սաֆարյանը` ավելացնելով, որ պաշտոնական Երևանը նույնիսկ չի կարողանում բացատրել, թե ինչ է ուզում անել այդ այցի միջոցով:

Քննարկվեց նաև այն տեղեկությունը, ըստ որի` Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նորընտիր նախագահին է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Անդրադառնալով սրան` Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ պաշտոնական Երևանն անում է այս քայլերը` տեսնելով Թուրքիայի հետ կապված զարգացումները, և փորձում է միանալ այն ռազմավարությանը, որին ականատես կլինենք առաջիկա ամիսների ընթացքում և որոնք կապված են Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների հետ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնական հրավեր էր ստացել` մասնակցելու Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հայկական պատվիրակությունը Թուրքիա մեկնեց օգոստոսի 28-ին` արտգործնախարար Նալբանդյանի մակարդակով:

 

 

Տեսանյութեր

Լրահոս