
ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դրական ուղղությամբ. Նարիշկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը մասնակցած ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը լրագրողների հետ զրույցում ընդգծել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման դինամիկան.
«Պետք է նշել, որ Ռուսաստանաի ու Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դրական ուղղությամբ: Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համագործակցությունն ունի բազմապլանային բնույթ, իսկ մի շարք ուղղություններով՝ նաև ռազմավարական գործընկերության բնույթ:
2014 թվականի չորրորդ եռամսյակին նախատեսվում է նախագահների մակարդակով գումարել Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստ: Երկու երկրների միջև առևտրի ծավալն արդեն իսկ հասել է լիովին պատշաճ մակարդակի՝ մոտ 33 միլիարդ դոլարի:
Երկու երկրների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջային ոլորտը: Բացի այդ, ողջ թափով ընթանում է Թուրքիայի առաջին ատոմակայանի նախագծումը, ինչից հետո կմեկնարկի դրա կառուցումը: Կա համագործակցություն նաև «Հարավային հոսք» գազատարի նախագծի շուրջ»: