Գագիկ Համբարյան. ԲՀԿ-ն իշխանափոխության պահանջով հանդես չի գա, դժգոհ է, բայց համագործակցում է

«Վերջին մի քանի տարիներին այդ քառյակները, եռյակները, հնգյակները թեժացումներ են խոստանում: Բայց այդ թեժացումն էլ շատ կարճ ժամանակ է տևում և շատ շուտ հանգում է: Ես հիմա էլ շատ մեծ սպասելիքներ չունեմ կոնկրետ մեր քաղաքական ուժերից: Ավելի շատ սպասելիքներ ունեմ հասարակությունից՝ քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մարդկանցից և հասարակական կազմակերպություններից: Եթե շատ մեծ ակտիվություն լինի՝ անձամբ ես դա կապում եմ քաղաքացիական սեկտորի հետ»,- 168.am-ի հետ զրույցում քառյակի՝ թեժ աշուն ապահովելու խոստումներն այսպես մեկնաբանեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Քաղաքացիական ակտիվիստներն արդեն վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում ցույց են տվել, որ իրենք ավելիին կարող են հասնել, քան նույն քաղաքական կուսակցությունները: Օրինակ՝ «դեմ ենք 150 դրամին» պայքարը, Կոմիտաս 5 հասցեում շինարարության դեմ պայքարը, Մաշտոցի պուրակը… ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց այդ պայքարներում: Հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական ակտիվիստներն են հաղթել այս պայքարում»,- հիշեցրեց Գագիկ Համբարյան:

Պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք աշնանը քառյակը իր օրակարգում իշխանափոխության հարց կդնի՞, թե՞ ոչ, միասնական իշխանափոխության հարց կբարձրացնի՞, քաղաքագետը պատասխանեց. «Քառյակի մեջ կա կուսակցություն՝ դա ԲՀԿ-ն է, որը երբևիցե չի ասել, որ ինքը ընդդիմադիր է, և չի էլ ասել, որ ինքը երբևիցե մտածել է իշխանափոխության մասին: Դա քառյակի ամենամեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող կուսակցությունն է: Թե իրենք սեպտեմբերին ի՞նչ կարգախոսի ներքո հանդես կգան՝ դժվար է ասել»:

Միաժամանակ նաև նա նկատեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երբեք չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Իհարկե, իրենք դժգոհում են ՀՀԿ-ի կողմից վարած քաղաքականությունից՝ թե´ ներքին, թե´ արտաքին, բայց միևնույն ժամանակ երբևէ կոնկրետ իշխանափոխության պահանջ չեն ներկայացրել և չեն էլ ներկայացնի: Իսկ մյուսների համար չեմ կարող ասել»,- ասաց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Գագիկ Համբարյանը կարծում է, որ մյուս կուսակցությունները բավարար միջոցներ չունեն իշխանափոխություն իրականացնելու համար: Նրա դիտարկմամբ՝ որքան փոքր և աղքատ է կուսակցությունը, այնքան այդ կուսակցության պահանջները ավելի ամպագոռգոռ են. «Մեր ՝ թե´ ընդդիմադիր, թե´ դիմադիր քաղաքական կուսակցությունները լճացման մեջ են: Քառյակի մեջ գործող ամենամեծ քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, իշխանափոխության պահանջով հանդես չի գա: Դժգոհ է, բայց համագործակցում է: Իրենք իրենց ընդդիմադիր կուսակցություն չեն համարում. նա հայտարարում է, որ երրորդ ուժ է հանդիսանում: Քառյակի լոկոմոտիվը հենց ԲՀԿ-ն է: ԲՀԿ-ն ինչպես որոշեց, այնպես էլ կլինի»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս