
Ուկրաինայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական կամպանիան

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում մեկնարկել է հոկտեմբերի 26-ին նշանակված վաղաժամ խորհրդարանական ընտրությունների նախընտրական կամպանիան: Օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր 7-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշման մասին:
Ընտրություններն անցկացվում են «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա, ինչը նախատեսում է խառը համակարգով 450 պատգամավորի ընտրություն, որոնց կեսն (225 պատգամավոր) ընտրվում է համամասնական, իսկ մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգով:
Օրենքի համաձայն, ընտրությունները չեն անցկացվելու ժամանակավորապես օկուպացված տարածքներ Ղրիմում ու Սևաստոպոլում, որոնց տարածքում ընկած է 12 մեծամասնական օկրուգ: Դա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվելու է առավելագույնը 438 պատգամավոր՝ 450 պատգամավորից:
Միևնույն ժամանակ հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում, առկա է համապատասխանաբար 21 և 11 օկրուգ, որոնց վերաբերյալ, սակայն, օրենքում որևէ առանձնահատուկ բան գրված չէ: Պատգամավորի թեկնածուների գրանցման վերջնաժամկետը սպառվում է սեպտեմբերի 30-ին: