Ուկրաինական բանակը պարտություններ է կրում երկրի արևելքում. Տիմչուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մարտավարական խմբերի երկու գումարտակ է մտցրել Ուկրաինայի տարածք, ինչը Դոնբասում ռուս հատուկջոկատայինների դիվերսիոն-հետախուզական խմբերի զուգահեռ աշխատանքի հետ մեկտեղ, կտրականապես բարդացրել է իրավիճակը հակաահաբեկչական գործողության գոտում:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը սկսել է չհամակարգված ձևով կենդանի ուժի ու զենքի օգնություն հատկացնել անջատողականներին:
Տիմչուկն ընդգծել է, որ անջատողականների հետ ռուսական կողմի սերտ համագործակցությունը հանգեցնելու է նրան, որ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վերահսկած տարածքները մեծացվեն մի քանի անգամ: Եվ չնայած առկա լուրջ խնդիրներին՝ իրավիճակը դեռ աղետալի չէ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ռուսաստանը հավելյալ զորքեր է ուղարկել Ուկրաինայի արևելք, իսկ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանն իր հերթին հայտնել էր, թե Ռուսաստանը ՀՕՊ-ի նորագույն համակարգեր է ուղարկել Դոնբաս: