Պեսկովը հերքել է, թե Ռուսաստանը զենք է մատակարարում Ուկրաինայի ռազմական գործողությունների գոտի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն մասին պնդումները, թե Ռուսաստանը զենք է մատակարարում Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի:
Պեսկովը հայտարարել է, որ իբրև թե անհայտ հանգամանքներում զոհված ռուս դեսանտայինների հուղարկավորության մասին լուրն ունի ստուգման կարիք: Պեսկովն ընդգծել է, որ չի կարող մեկնաբանել Ռուսաստանի մի շարք շրջաններում դեսանտայինների գաղտնի հուղարկավորությունների մասին լուրը.
«Դրանք նոր հայտարարություններ չեն, դրանք արվում են կանոնավորապես, ընդ որում, Ռուսաստանը կանոնավորապես հանդես է գալիս դրանք հերքմամբ՝ հայտարարելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Պեսկովի խոսքերով՝ Ուկրաինայի արևելքի բնակիչների համար հումանիտար օգնության երկրորդ շարասյունը կուղարկվի մոտ ժամանակներս: Նա ընդգծել է, որ այդ գործողությունը, ինչպես և նախորդ դեպքում, կիրականացվի Կարմիր խաչի հովանու ներքո և Կիևի հետ համագործակցությամբ: