Ինչո՞ւ են ՔԿՀ-ներում հեռախոս պահելու համար պատժվում միայն դատապարտյալները
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներն այն հաստատություններից են, որտեղ առկա են մի շարք օրենքների և մարդու իրավունքների խախտումներ հենց օրինապահ մարմինների կողմից և այդ պատճառով օրինախախտումների մասին բարձրաձայնումը ՔԿՀ-ների բնակիչների համար անընդունելի կամ անհնար է դառնում: Առանձին դեպքերում էլ օրինախախտումների համար պատիժ են կրում միայն դատապարտյալները, այն դեպքում, երբ առանց ՔԿՀ-ների աշխատակիցների անհնար կլիներ կատարել այդ կանոնակարգի խախտումը: Այսպես, սույն տարվա ապրիլի 2-ին պարզելու համար, թե 2014 թ. հունվարից մինչ ապրիլի 2-ը «Վանաձոր» ՔԿՀ-ում ներքին կանոնակարգում սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար քանի դատապարտյալի նկատմամբ է կիրառվել նկատողություն և պատժախուց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տեղեկատվական հարցում է ուղարկվել «Վանաձոր» ՔԿՀ: 2014 թ. ապրիլի 11-ին «Վանաձոր» ՔԿՀ-ից ստացվել է պատասխան, որում ներկայացվում է ցանկ, որտեղ ըստ ամսաթվերի և պատժի կրման պատճառի և ձևի նշվում են դատապարտյալների անունները: Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ հանգամանք՝ դատապարտյալները չթուլատրված իրեր պահելու կամ գործողություններ կատարելու համար պատժի են ենթարկվել, մասնավորապես 25 դատապարտյալ պատիժ է կրել ընդհանուր հաշվով 35 հեռախոս պահելու համար, 9 դատապարտյալներ՝ այլ պատճառներով: Նշենք նաև մի ուշագրավ փաստ, դատապարտյալներից ոմանք 10 կամ 15 օր պատժախցում գտնվելուց և այնտեղից դուրս գալուց 3 օր հետո նորից են հայտնվում պատժախցում՝ կրկին հեռախոս և այլ իրեր պահելու պատճառով: 2014 թ. մայիսի 5-ին ևս մեկ տեղեկատվական հարցում է ուղարկել «Վանաձոր» ՔԿՀ պարզելու համար՝ արդյոք հեռախոսների ՔԿՀ ներթափանցման գործով հարուցվել են ծառայողական քննություններ, եթե հարուցվել են, ապա քանի դեպքերով և ինչ ընթացք են ստացել, եթե ոչ, ապա ինչ պատճառով չեն հարուցվել:
Ի պատասխան հարցմանը՝ «Վանաձոր» ՔԿՀ-ից ստացվել է գրություն, որով ըստ էության չի տրամադրվել պահանջված տեղեկատվությունը: Գրությամբ մասնավորապես հայտնել են, որ «… ծառայողական քննություն կատարվում է անհրաժեշտությունից ելնելով, իսկ ներթափանցման ուղիները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր և կատարվում են ուսումնասիրություններ»: Այսպիսով, տեղեկատվության հարցման պատասխանում չի տրամադրվել պահանջվող տեղեկատվությունը, չի ներկայացվել «Վանաձոր» ՔԿՀ-ի իրականացրած գործողությունները նշված խնդրի լուծման ուղղությամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2014 թ. մայիսի 14-ին գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանին՝ խնդրանքով ծառայողական քննություն հարուցել «Վանաձոր» ՔՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ՝ 2014 թ. հունվարի 10-ից մինչև 2014 թ. մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալներին թվով 35 բջջային հեռախոսներ փոխանցելու կամ փոխանցմանը նպաստելու փաստի առթիվ:
Չստանալով որևէ պատասխան՝ 2014 թ. հուլիսի 25-ին ևս մեկ գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանին՝ ակնկալելով ստանալ իրականացված ծառայողական քննության արդյունքում կայացված եզրակացությունը, ենթադրությամբ, որ իրականացվել է ծառայողական քննություն օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետում: Գրություններից որևէ մեկով մինչ այժմ ՀՀ ԱՆ-ից պատասխան չի ստացվել: ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ ենք անում հետևողական լինել համակարգում առկա խնդիրների վերհանման և լուծման հարցում՝ խուսափելու համար հետագայում առավել մեծ խնդիրների և օրինախախտումների առաջ կանգնելուց:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ