«Կոնկրետ լիդերները վերջին 20 տարվա ընթացքում, ցավոք, իրենց չեն արդարացրել կամ մտել են գործարքի մեջ իշխանության հետ»

«Մի բան հստակ է, որ այսօրվա վարչախմբին ժողովուրդը չի ընտրել և տվել իշխանությունը: Բացի իշխանություն լինելուց՝ այս վարչախումբն անում է ամեն ինչ, որպեսզի ընդդիմությունը նույնիսկ հասարակության հետ հետագա կապի հնարավորությունը չունենա: Եթե այդ իշխանությունները 2008 թվականից «Ժողովրդական հայրենիք» կուսակցությունը լուսանցքից դուրս են հաշվում, գրասենյակները վերցրեցին և բոլոր ռեսուրսները կտրեցին, այդ որտեղի՞ց պետք է ընդդիմադիր կուսակցությունն ունենա այդ հնարավորությունը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսյանյանի՝ ընդդիմությանն արած որոշ դիտողութուն-նկատառումների մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լ. Ալեքսանյանն ասել է, որ ընդդիմությունը չունի այն ռեսուրսը, որ իշխանափոխություն իրականացնի. «Ես մինչև հիմա չեմ տեսնում այն աշխատանքը, որը պետք է անի իշխանափոխության պատրաստվող կուսակցությունը: Ընդդիմությունը պահանջների ձևակերպման մեջ խնդիրներ ունի: Նրանք պետք է կարողանան իրենց պահանջները ճիշտ ձևակերպեն, որ ժողովուրդը հասկանա և գնա իրենց հետևից: Թե չէ՝ նստել և սպասել, որ հանրահավաք կանենք, մի քանի հազար մարդ կգա, և իշխանափոխություն կանենք՝ շատ սխալ է: Ընդդիմության ոչ մի մարզային շտաբ չի աշխատում, նրանք հանրությանը չեն տեղեկացնում իրենց քայլերի մասին, ինչն ինձ հիմք է տալի մտածելու, որ ընդդիմությունն էլ չգիտի՝ ինչքան մաս ունի»,-նշել էր ՀՀԿ-ական պատգամավորը:

Հակադարձելով Լ. Ալեքսանյանին՝ Պ. Մակեյանն ասաց, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունները սահմանփակվեն. «Բայց իրենք չեն հասկանում, որ դրանով ժողովրդի համբերության բաժակը լցնում են, և մի օր այդ ամբողջ արածն իրենք կուլ են տալու՝ չեն մարսելու»:

Մեր հարցին, թե այնուամենայնիվ տեղի՞ն չէին Լ.Ալեքսանյանի նկատառումները, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, տեղին չեն, որովհետև Հայաստանում քաղաքական դաշտ, գործընթաց, ընտրական համակարգ գոյություն չունի: Իրենք ընդհանրապես զրկել են հասարակությանը ընտրելու իրավունքից, բայց փորձում են հասարակությանը, նաև քաղաքական կուսակցություններին համոզել, որ դուք մարզային կառույցներ չունեք, դուք էս չունեք: Քանի որ ընտրական համակարգը ոչնչացրել եք, քաղաքական ընդդիմադիր կուսակցություններն էլ, այդ հնարավորությունը չունենալով հանդերձ, բնականաբար, փորձում են հանրապետական ընտրություններում իրենց մինիմալ ռեսուրսներն օգտագործել ընտրական պրոցեսի ժամանակ: Այն էլ, այդ ընտրական պրոցեսը դարձրել են զոռբաների, կրիմինալի, վարչական ռեսուրսների ու փողի կռիվ, որը բնականաբար ընդդիմադիր կուսակցությունները չեն կարող տանել: Այդ պայքարի մեջ միշտ տարված են: Բայց դրա վերջը գալու է, ու իրենք դա տեսնելու են»:

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչքանո՞վ է իրատեսական իշխանափոխության հասնելը, Պ. Մակեյանը պատասխանեց, թե հիմա իրավիճակը բավականին բարդ է 2 պատճառով. «Էական դերակատարում ունեն արտաքին գործոնները, աշխարահաքաղաքական այդ զարգացումները: Հաջորդն այն է, որ, ցավոք սրտի, վարչախումբը կարողացել է ժամանակավորապես իրենով անել ընդդիմադիր դաշտը՝ ոչ իշխանական քառյակին: Այսինքն՝ նրանք վերահսկում են և՛ իշխանական լծակները, և՛ ընդդիմադիր դաշտը՝ ոչ իշխանական քառյակին: Սա դժվարեցնում է այսօր ըմբոստություն անել»:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նաև նկատել էր. «Նստել և սպասել, որ հանրահավաք կանենք, մի քանի հազար մարդ կգա, և իշխանափոխություն կանենք՝ շատ սխալ է»: Պ. Մակեյանից հետաքրքրվեցին՝ իշխանափոխության հասնելու ի՞նչ եղանակներ է նա տեսնում:

«Բնականաբար, ընդդիմության հիմնական լծակը մնում է ժողովուրդը: Ժամանակին՝ 2008 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ «ինձ դարձրեք գործիք, որ իշխանափոխություն տեղի ունենա»: Ժողովուրդը նրան հավատաց ու գնաց հրապարակ: Բայց, ցավոք սրտի, նշված լիդերը ժողովրդին օգտագործեց որպես գործիք: Մենք պետք է կարողանանք այնպիսի քաղաքական գործիչների շրջանակ ձևավորենք, որպեսզի կոնկրետ լիդեր հանդես չգա, որովհետև կոնկրետ լիդերները վերջին 20 տարվա ընթացքում, ցավոք սրտի, իրենց չեն արդարացրել՝ կամ մտել են գործարքի մեջ իշխանության հետ, կա՛մ վախեցել են կոնկրետ քայլ կատարելուց: Մենք պետք է փորձենք ժողովրդին բերենք հրապարակ, և եթե Լեռնիկ Ալեքսանյանի միջոցով իշխանությունը կոչ է անում միտինգներ չանել, պետք է ասեմ, որ հիմնական միջոցը մնում է հանրահավաքը, բայց հանրահավաքը պետք է բերեն այն մարդիկ, որոնց պետք է հնարավորություն չտրվի իշխանության հետ գործարքի գնալ»:

Տեսանյութեր

Լրահոս