
Ռուսաստանը խոստանում է պատասխանել արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացմանը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն արևելյան ուղղությամբ ընդլայնի իր ռազմական ներկայությունը: Այս մասին նշված է ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչության Twitter-յան միկրոբլոգում տեղ գտած հաղորդագրությունում:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանն արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը կարձագանքի սեփական անվտանգությունն ապահովելու համար: Ռուս ներկայացուցիչների կարծիքով՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանը դիտարկում է որպես հակառակորդ:
Ռուսական մշտական ներկայացուցչությունը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի միջազգային անվտանգության խնդիրներին: Սրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ նոր ռազմաբազաներ է ծավալելու Արևելյան Եվրոպայում: