Իրանում կործանված անօդաչու թռչող սարքն արձակվե՞լ է Ադրբեջանի տարածքից
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ օրեր առաջ Իրանի Նաթանզ ուրանի հարստացման կենտրոնի մոտ կործանված իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) արձակվել է Ադրբեջանի տարածքից: Այդ մասին գրել են արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ:
Օգոստոսի 24-ին իրանցի զինվորականները հայտարարել են, որ երկրի օդային տիրույթում կործանել են իսրայելական Hermes 450 տիպի հետախուզական ԱԹՍ: Վերջինս փորձել է ներթափանցել Նաթանզի շրջան, ուր գտնվում է ուրանի հարստացման միջուկային ձեռնարկությունը: ԱԹՍ-ը կործանել էր Իսլամական հեղափոխության պահակազորը:
Իսրայելական ԶԼՄ-ները դրանից հետո, վկայակոչելով իրենց ռազմական աղբյուրները, հայտնել էին, որ հաստատված չէ այն տեղեկատվությունը, թե այդ ԱԹՍ-ը պատկանել է իսրայելական կողմին: Նրանք ընդգծել էին, որ թեև ԱԹՍ-ն իսրայելական արտադրության է, այնուամենայնիվ, դա դեռ չի նշանակում, թե այն պատկանում է Իսրայելին:
Իսրայելական ԶԼՄ-ներ նշել էին, որ Իրանի հարևաններից իրենց սպառազինության տակ այդպիսի ԱԹՍ ունեն Ադրբեջանը, Վրաստանն ու Ղազախստանը: Իտալիայի ռազմաօդային ուժերի լեյտենանտ Դևիդ Սենսոտին, ով հանդես է գալիս նաև որպես ռազմական լրագրող ու մեկնաբան, The Aviatonist իր միկրոբլոգում գրել է, որ տվյալ ԱԹՍ-ը կարող է արձակված լինել Ադրբեջանի տարածքից:
Նա վստահեցնում է, որ կործանված ԱԹՍ-ի լուսանկարները հիշեցնում են մեկ այլ ԱԹՍ-ի լուսանկարները, որը 2011 թվականին Լեռնային Ղարաբաղում կործանել էին հայերը: Սենսոտին հայտարարել է, որ տվյալ ԱԹՍ-երի հեռահարությունը մեծ չէ, և հավանաբար այն կործանել է սահմանամերձ գոտում տեղակայված իրանական ՀՕՊ-ը, ապա այն տեղափոխել է Նաթանզի շրջան: