
«ՌԴ-ԵՄ-Ուկրաինա» ձևաչափով գազային բանակցությունները կարող են անցկացվել սեպտեմբերի 6-ին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին Բրյուսելում կամ Բեռլինում կարող են անցկացվել Ուկրաինայի, ԵՄ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ գազային եռակողմ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը:
Հանդիպումը նվիրված է լինելու էներգետիկ անվտանգության խնդիրներին և ռուսական գազն արդար գնով Ուկրաինա ու ԵՄ հասցնելուն: Պռոդանը հայտարարել է, որ տվյալ հարցում չի փոխվել Ուկրաինայի դիրքորոշումը, և որ առաջիկա հանդիպման ժամանակ իրենք առաջին հերթին բարձրացնելու են ռուսական գազի գնի հարցը:
Պռոդանի խոսքերով՝ ռուսական կողմի հետ բանակցելն ամենևին էլ չի նշանակում, թե Ուկրաինան ավտոմատ հետ է վերցնելու ռուսական «Գազպրոմի» դեմ Ստոկհոլմի միջնորդ դատարան ներկայացրած իր հայցը: Պռոդանը մանրամասնել է, որ դա անելու համար անհրաժեշտ է փոխզիջումային որոշում: