«Կալանքի հետ կապված հարցերով դատարանները կուրորեն կատարում են այն, ինչ մեղադրանքի կողմն է ուզում». պաշտպանը՝ միջնորդությունների մերժման մասին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր մերժեց Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունները: Նրանց պաշտպան Արա Զաքարյանը դատարանին խնդրել էր վերացնել խափանման միջոց կալանավորումը, միջնորդությունը մերժելու դեպքում կալանքը այլ խափանման միջոցով փոխարինել, դա մերժելու դեպքում՝ կալանավորումը գրավով փոխարինել: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին:
Դատարանի որոշման մասին կարծիք հայտնելով՝ երկու ամբաստանյալների պաշտպան Արա Զաքարյանն ասաց. «Ցավալի է, բայց մեզ համար դա շատ կանխատեսելի էր, որովհետև մեր դատարանները հատկապես կալանքի գործերով ունակ չեն կայացնել արդար որոշումներ, առավել ևս՝ նման հնչեղություն և քաղաքական կոնտեքստ ունեցած գործերով»: Պաշտպանն ասաց, որ «կալանքի հետ կապված հարցերով դատարանները կուրորեն կատարում են այն, ինչ մեղադրանքի կողմն է ուզում».
«Այսինքն՝ դատախազի կարծիքը հիմնականում դատարանի համար որոշիչ դեր է խաղում»,- ասաց նա: