Վարդան Բոստանջյան. «Ի՞նչ պետք է աներ ՀԱՊԿ-ն՝ գար կռիվ անե՞ր»
«Խոշոր գերտերությունների կտրվածքով, Հայաստանի Հանրապետությունը իր կամքից անկախ գտնվում է ռուսական ազդեցության գոտում: Այստեղից դուրս պրծնելը սարսափելի, գրեթե անհնար գործ է: Եվ, դրանով պայմանավորված՝ մեր ունեցած արտադրական կուլտուրայի, մեր ստեղծած ապրանքատեսակների առումով, միակ շուկան, որ գոյություն ունի՝ ռուսական շուկան է, այս պահին էլ՝ մեր ընդհանուր արտաքին տնտեսական կապերի կտրվածքով մեր ամբողջ ապրանքաշրջանառության 72 տոկոսը Ռուսաստանի հետ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Վարդան Բոստանջյանը կոչ է անում բոլորին համախմբվել և միասնական լինել: Նա վստահ է, որ երկրի վիճակը կբարելավվի այն դեպքում, երբ որոշ մարդիկ դադարեն մտածել անձնական շահ ունենալու մասին. «Հիմա բոլոր այն գրանտակերները, կիսատարաբախտները, որոնք տարբեր տեղերից սնվում են, գոյատևում են, դրանք ճղճղում են, թե Մաքսային միությունը լավը չէ, Եվրասիական տնտեսական միությունը լավը չէ: Դուք մտածեք մեր երկրի անվտանգության մասին, ոչ թե մտածեք մանր-մունր, երկու հատ շան լափի նման շպրտած կոպեկի մասին: Դուք ուզում եք ամբողջ ազգը, երկիրը վտանգել: Մենք պետք է կոմպլեքս մտածենք, մենք 50 տարվա պայմանագիր ունենք: Հենց անկախ Մաքսային միությունից՝ ունենք անվտանգություն, որը ապահովվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ ռուսական կողմից»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ո՞ւր էր ՀԱՊԿ-ը այս վերջին սահմանային լարվածության ժամանակ, Վարդան Բոստանջյանը պատասխանեց հարցով. «Իսկ ի՞նչ պետք է աներ ՀԱՊԿ-ն՝ գար կռիվ անե՞ր»: Այնուհետև նա շարունակեց.
«Բացարձակապես ոչ մի ծայրահեղ վտանգավոր բան չկար: Առանց որևէ խնդրի Հայաստանի Հանրապետությունն ի՜նչ ձևի հարված տվեց, ի՜նչ պատասխան տվեց: Այս պարագայում ուզում եք՝ ՀԱՊԿ-ը ելներ, զորքով կանգնե՞ր այստեղ: Մենք ամեն ինչը ծայրահեղ ենք տեսնում: Այստեղ քաղաքական բախումներ են տեղի ունենում և բոլոր պարագաներում հեշտ չի վեր կենալ և հայտարարություններ անել: Հարցեր կան, որոնք կարելի է նաև շրջանցել»:
«Սահմանային լարվածությունների պարագայում հայ ժողովուրդը ըմբոստացավ և ոգևորվեց: Սա արդեն ինքնըստինքյան շատ սիրուն, շատ գրավիչ բան է: Այս դեպքում մեկ այլ՝ նոր լարվածություն ստեղծելը կարող է շրջվել ի վնաս մեզ»,- հավելեց Վարդան Բոստանջյանը