Բաժիններ՝

ՄՀՀ-ի ներկայացուցիչ. «Բնակարանի հետ են համեմատել մարզահամերգային համալիրը, սա արդեն աբսուրդ է»

«Կարծես՝ մարդն ադամանդը տանում է գնահատելու, գնահատում են հասարակ ինչ-որ բյուրեղի գնով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ խոսելով մարզահամերգային համալիրի գնահատման մասին:

Նշենք, որ օրերս «Հայկական Ժամանակ» թերթը գրել էր, թե ՄՀՀ–ն գնահատվել է՝ հիմք ընդունելով  Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը:

Կ. Գրիգորյանը կարծիքով՝ իրականում գնահատում տեղի չի էլ ունեցել. «Ընդհանրապես կա 3 հնարավոր տարբերակ ինչ-որ բան գնահատելու համար: Մեկը ստանդարտ տարբերակն է, որը լինում է բնակարանների համար, երկրորդ տարբերակը՝ համեմատությունն է: Մարզահամերգային համալիրը բնակարան չէ և հնարավոր չէ այդ ստանդարտ տարբերակով գնահատել, համեմատել նույնպես չի լինի, որովհետև նմանատիպ կառույց տարածաշրջանում չկա: Իսկ 3-րդ տարբերակը համապատասխան հանձնաժողովի ստեղծումն է: Այսինքն՝ եթե նմանօրինակ ոչինչ չկա, փորձում են այս տարբերակով գինը հաշվել: Դրա համար պետք է ստեղծվեր հանձնաժողով: Կառույցը ոչ թե մետաղբետոնյա կոնստրուկցիա է, այլ պատմամշակութային արժեք, որի մասին անգամ աճուրդի առաջին փուլում նշված չէր»:

Կ. Գրիգորյանի խոսքով՝ համալիրի գնահատումը կատարել է Արթուր Ստեփանյանին պատկանող կազմակերպությունը. «Արթուր Ստեփանյանը, ինչպես գիտեք, Հանրապետական կուսակցության կողմից ընտրված պատգամավոր է, որը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին» կազմակերպության տնօրենն է եղել երկար ժամանակ: Ստացվում է՝ մի ընկերը գնահատում է, մյուսը՝ իրացնում է: Սա իրենց հնարավորություն է տվել անել այն, ինչ ուզում են: Եթե նայենք աճուրդային փուլերին՝ կտեսնենք, որ գինն իջավ հենց այն չափի վրա, ինչքան որ պարտք կա: Մինչդեռ, եթե ամեն ինչ լիներ օրինական տարբերակով՝ լրիվ կարող է ուրիշ վիճակի մենք հանգեինք»:

Կարդացեք նաև

ՄՀՀ-ի ներկայացուցիչը կարծում է, որ համալիրը կես գնով են գնահատել. «Գնահատողը մտել է շենք (լույսերը եղել են անջատված, դռները` փակ), պտտվել է կես ժամ, դուրս է եկել ու գին է որոշել: Ասեմ, որ այդպիսի մարդ չկա, որ կարողանա մարզահամերգային համալիրը կես ժամում իսկապես պտտվի՝ նկատի ունեմ, մտնի սենյակներ, տեսնի՝ ինչ է կատարվում: Իսկ փակ սենյակների կողքերով անցնելը դեռ հիմք չի տալիս իմանալ այդ շենքի վիճակի մասին: Մանավանդ դահլիճները, եթե լույսերը վառված չեն, ոչինչ ուղղակի չես կարող տեսնել»:

Կ. Գրիգորյանի խոսքով՝ ի սկզբանե խնդիրն ուղղակի դրված է եղել, որ այս պրոցեսն արագացվի. «Ոնց նայում ենք՝ 47 հազար քառակուսի մետր մակերես ունեցող մարզահամերգային համալիրը եթե բազմապատկում ենք մոտավորապես 1200 դոլարով, ստանում ենք իրենց ստացած գումարը: Իրականում սա մտացածին վիճակ է, որովհետև բա այն կողքի 20 հեկտար հո՞ղը: Մյուս խնդիրն այն է, որ բազմաբնակարանային շենքում առաստաղը 2.75-3.20 մետր է, իսկ մարզահամերգային համալիրի մեծ դահլիճի առաստաղը 30 մետր բարձրության վրա է: Շա՞տ նման են իրար:

Արդյոք կարելի՞ է ասել, որ սրանք նույն չափի կառույցներ են: Այսինքն՝ այստեղ արագ ձևով, մոտավոր ինչ-որ հաշվարկներով գնացել են ինչ-որ բանի: Ու այստեղ արդեն էական չէ՝ Կենտրոն համայնքի բնակարանի չափո՞վ են հաշվել, թե՞ Աջափնյակ: Ես հասկանում եմ՝ բոլորի համար այդ պահն է հետաքրքիր, բայց ի՞նչ տարբերություն: Բնակարանի հետ են համեմատել մարզահամերգային համալիրը: Սա արդեն աբսուրդ է»:

Ըստ նրա՝ մարզահամերգային համալիրի ռեալ գինը մոտավորապես 100-120 միլիոն դոլար է:

Լրագրողներից մեկի հարցին, թե համալիրը տրվել է Պաշտպանության նախարարությանը, արդյոք նրանք բողոքը շարունակելո՞ւ են, Կ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Միանշանակ՝ այո, մենք չենք ընդունում այս որոշումը որպես ներկա պահին ճիշտ քայլ, բայց մյուս կողմից էլ՝ շատ լավ ենք հասկանում, որ ներկա կառավարությունն ուղղակի փակուղի է մտել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծված է նախկին կառավարության օրոք, որովհետև իրավական հիմքերը շատ խարխուլ են այս ամբողջ գործընթացի:

Հարցն այն է, որ նախկին կառավարության ժամանակ բազմիցս եմ ասել, որ այն պարքը, որ պետք է լիներ, բյուջեից ուղղակի դուրս են թողել: Ու 2013-14 թվականներին այդ պարտքն արդեն գոյություն չուներ, այսինքն՝ կարծես գումարն արդեն թողել էին բյուջեից դուրս, ուղղել էին համապատասխան ուղղությամբ, սակայն չհասցրեցին գործընթացը, և հիմա այսպիսի մի ահավոր իրավիճակում են հայտնվել: Սա միակ ձևն է, որ ստատուս-քվոն խախտեն, ստեղծեն նոր իրավիճակ, որտեղ պետությունը կունենա բոլոր այդ իրավական հիմքերը այս հարցում որևէ քայլ անելու, որովհետև ներկա իրավիճակում որևէ պայմանագիր հնարավոր չէ կնքել»:

Կ. Գրիգորյանը նկատեց, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իրենք ասում ենք՝ պարտք ունեն, պետությունը չի կարողանում ապացուցել իրենց պարտքը. «Դատական պրոցեսները եթե չլինեն, բյուջեում՝ այնտեղ, որտեղ պետք է ֆիքսված լիներ, հստակ երևար այդ պարտքը՝ գոյություն չունի: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը մեր պարտքն արդեն վճարել է: Եթե ոչ, ապա ո՞ւր է բյուջեում մեր պարտքը: Հետաքրքիրն այն է, որ մեր Ազգային Ժողովը տարին 2 անգամ մարտադաշտ է հրավիրում կառավարությանն ու մի լավ թափ է տալիս, թե այս գումարն ուր գնաց, մյուս գումարն ուր գնաց: 20 միլիոն դոլարը գնացել՝ կորել է, ոչ մեկ չի ասում այդ գումարն ո՞ւր էր գնում: Արդյոք սրա տակ ինչ-որ քրեածին բան չկա՞»:

Հարցին, թե ի՞նչ են նրանք պատրաստվում անել, Կ. Գրիգորյանն ասաց, որ շատ վիճարկելի հարցեր կան, ինչի համար դիմելու են Եվրոպական դատարան. «Ուրիշ տեղ չկա դիմելու: Հայաստանում սահմանափակված վիճակ է»,- նկատեց նա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս