Արևմուտքի հետ Պուտինի «պատերազմի» պատճառով Բաքվում սոցիալական պայթյուն է հասունանում. Yeni Müsavat
Ադրբեջանական Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ Արևմուտքի հետ Պուտինի «պատերազմի» պատճառով Բաքվում սոցիալական պայթյուն է հասունանում, ինչի պատճառը գների կտրուկ բարձրացումն է: Շուկաներում պտուղ-բանջարեղենի գները դուրս են եկել վերահսկողությունից: Հերթը մոտենում է մսամթերքին ու կաթնամթերքին:
Բաքվում դատարկվում են շուկաները: Այն բանից հետո, ինչ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց Արևմուտքի դեմ, կտրականպես աճեց Ադրբեջանից Ռուսաստան սննդամթերքի մատակարարման ծավալը, ինչից տուժեցին տեղական շուկաները:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բաքվի շուկաներում մի շարք ապրանքատեսակների գինն աճել է կրկնակի: Բաքվի շուկաներից մեկում լրատվամիջոցի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կտրականապես աճել են ձմերուկի ու սեխի, բանջարեղենի, լոլիկի ու վարունգի գները:
Օրինակ, եթե նախկինում սեխի ու ձմերուկի մեկ կիլոգրամն արժեր 20 կոպեկ (գյապիկ), ապա ներկայումս դա հասել է 50 կոպեկի: Բացի այդ, եթե նախկինում շուկա էր բերվում 100-200 տոննա ձմերուկ, ապա այժմ դա չի գերազանցում 40 տոննան: Լոլիկի գինը նախկին 30 կոպեկի փոխարեն դարձել է 60-70 կոպեկ:
Գյուղատնտեսության հարցերով փորձագետ Վահիդ Մահարամովը լրատվամիջոցին հայտնել է, որ արդեն ուշացած է համարում իրավիճակի կարգավորման համար երկրի ներսում ինչ-որ քայլեր ձեռնարկելը: Նա հայտարարել է, որ իրենք մոտ մեկ ամիս է, ինչ կառավարությանը զգուշացրել էին կանխիչ միջոցներ չձեռնարկելու հետևանքների մասին:
Փորձագետը ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը համարում է այն, որ Ադրբեջանի կառավարությունը Ռուսաստանի կառավարության նման մեծացնի արտերկրից պտուղ-բանջարեղենի ներկրումը: Մահարամովը զգուշացրել է, որ խնդիրը սկսում է առնչվել նաև մսամթերքին ու կաթնամթերքին:
Նա հիշեցրել է, որ նախկինում իրենք մեծ քանակությամբ խոշոր եղջավոր անասուններ էին ներկրում Վրաստանից, ով այս տարի սակայն ցանկանում է դրանք արտահանել ռուսական շուկա.
«Բացի այդ, այս տարի Ադրբեջանում մեծ թվով հիվանդություններ տարածվեցին այդ կենդանիների շրջանում և հանդիսացան կորուստների պատճառ: Կառավարությունը շատ լուրջ պետք է մոտենա խնդրին և ձեռնարկի հրատապ քայլեր»: