
Վրաստանը կարող է զրահամեքենաներ արտադրել Սաուդյան Արաբիայի համար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը նոր զրահամեքենաներ կստեղծի հատուկ Սաուդյան Արաբիայի համար: Բժշկական-տարհանման նշանակության այդ զրահամեքենաների գլխավոր առաքելությունը հանդիսանալու է մարտադաշտից վիրավորների տարհանումը:
«Դելտայի» ղեկավար Օտար Չիտեիշվիլին հայտարարել է, որ իրենք մասնակցում են տարհանման-բժշկական զրահամեքենաների գնման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հայտարարած մրցույթին: Դրա հետ կապված՝ երեկ Սաուդյան Արաբիա է ուղարկվել վրացական արտադրության զրահամեքենայի առաջին օրինակը, որը մի շարք փորձարկումների կենթարկվի արաբական երկրում:
Մրցույթի պայմանների համաձայն, դրանում հաղթած ընկերությունն առաջին տարում պետք է թագավորության համար պատրաստի 600 միավոր զրահամեքենա, իսկ տասնամյա պայմանագրի համաձայն՝ մի քանի հազար մեքենա: Մրցույթի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 18-ին,իսկ վերջնական պատասխանը հայտնի կդառնա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: