
Ուկրաինայում զինված հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 2200 մարդ. ՄԱԿ

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության հետևանքով ապրիլի կեսերից զոհվել է առնվազն 2200 մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում օրական միջին հաշվով զոհվել է 36 մարդ: Առնվազն 486 մարդ գերի է ընկել անջատողականներին:
Զեկույցում նշված է, որ անջատողականներն իրենց իշխանությունն ամրապնդելու համար դիմում են մահապատիժների, կտտանքների ու մարդկանց առևանգումների: Զեկույցում նաև նշված է, որ տարածաշրջանի հումանիտար իրավիճակը վատթարանում է, և չկա հակամարտության ապաէսկալացման որևէ ցուցիչ: