
ԱՄՆ-ը բավական ցածր մակարդակով կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի մասնակցի Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որն Անկարայում անցկացվելու է վաղը: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Օբաման հրավեր է ստացել՝ մասնակցելու համար Էրդողանի երդմնակալությանը:
Սակայն տվյալ արարողությանն ԱՄՆ-ը ներկայացված կլինի Անկարայում իր դեսպանատան ներկայացուցիչ Ջես Բեյլիի մակարդակով, ով Թուրքիայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատարն է: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Օգոստոսին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնից հեռացել է Ֆրենսիս Ռիկիարդոնեն, որին փոխարինելու է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բասսը: