Համատեղելի՞ են արդյոք ծխախոտն ու սպորտը
Բոլորը գիտեն, որ ծխելը վնասակար է մարդու օրգանիզմին։ Այդ թեզը ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Սակայն կարելի է քննարկել՝ հնարավո՞ր է համատեղել ծխախոտն ու սպորտը։ Անգամ պրոֆեսիոնալ մարդիկները երբեմն չեն կարողանում ձերբազատվել այս վնասակար սովորությունից։ Վտանգավո՞ր է արդյոք այդ երկուսի համադրությունը։
Ցանկացած մարզաձևով զբաղվելիս անհրաժեշտ է ճիշտ շնչառություն, իսկ արյունը պետք է հագենա թթվածնով։ Իսկ ծխողների մոտ շնչառական համակարգը լավ չի աշխատում։ Թոքերի ծավալը մի քանի անգամ փոքր է։ Այդ իսկ պատճառով մարզման առաջին րոպեներից հետո ծխող մարդու շունչը կտրվում է և սկսվում է հազ։ Արյան մեջ թթվածնի քիչ պարունակությունը թույլ չի տալիս մարզվել ամբողջ ուժով։
Ոմանք գտնում են, որ ֆիզիկական վարժությունները կարող են չեզոքացնել ծխախոտի բացասական ազդեցությունը։ Իրականում դա սխալ կարծիք է։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծ վնաս է հասցնում մշտապես ծխող մարդու օրգանիզմին: Մարզումների ժամանակ մեծանում է ճնշումը սիրտանոթային համակարգի վրա, և քանի որ ծխողի մոտ այն առանց այդ էլ թուլացած է, ապա ճնշումը կրկնակի մեծ է լինում։ Արդյունքում, խախտվում է դրա ֆունկցիոնալությունը, ինչը վնաս է հասցնում նաև լյարդին։ Ծխող մարդիկ վազելիս ցավ են զգում աջ կողմում, ինչը նշանակում է, որ օրգանիզմը պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության։
Ամեն դեպքում, եթե ծխելուց հրաժարվել չի ստացվում, իսկ մարզումները չեք ցանկանում բաց թողնել, փորձեք գոնե չծխել մարզասրահ գնալուց մի քանի ժամ առաջ։ Հակառակ դեպքում, օրգանիզմը կարող է չդիմանալ մեծ ծանրաբեռնվածությանը։