Ռուբիկ Հակոբյան. Իշխանությունների իրական այլընտրանքը «քառյակն» է

Ոչ իշխանական չորս ուժերի` «քառյակի» կողմից նախապես հայտարարված սեպտեմբերյան հանրահավաքը ուժի մեջ է: Այսօրվա ասուլիսում հայտարարեց չորս ուժերից մեկի` «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոբիկ Հակոբյանը:

Նրա խոսքով` չորս ուժերի կողմից իշխանությանը ներկայացված 12 պահանջների հետ կապված ժամկետն ավարտվում է, և «քառյակը» համարժեք կեցվածք պետք է որդեգրի, ուստիև առաջիկայում կլինի «քառյակի» առաջնորդների հանդիպման անհրաժեշտությունը, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը:

«Սեպտեմբերի 30-ը ֆիքսում է այն ժամկետը, որը տվել ենք մեր 12 կետերն իրականացնելու համար, և, բնականաբար, այն ժամանակացույցը, որ նախատեսել ենք, կսկսվի սեպտեմբեր 30-ից հետո»,- ասաց Հակոբյանը: Նա նաև նշեց, որ «քառյակի» բոլոր ուժերի անունից չի կարող խոսել, բայց հուսով է, որ իրենց հետագա անելիքները կիրականանան: Սակայն թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, Հակոբյանը չմանրամասնեց:

«Թեժ, տաք, ցուրտ աշուն` դրանք բառեր են, որոնք պայմանական են: Մի բան կարող եմ ասել. այսօր քաղաքական իշխանությունների իրական այլընտրանքը «քառյակն» է: Լավ կլինի, որ աշխարհագրական տարածությունը մեծացնենք, որովհետև, ի վերջո, «քառյակը» կկարողանա իր խնդիրները լուծել, եթե ունենա ժողովրդի ամբողջական աջակցությունը կամ գոնե մեծամասնության աջակցությունը: «Քառյակը» այսօր նաև այն քաղաքական միավորն է, որը կարող է առանց ցնցումների, առանց Մայդանների իրականացնել ամբողջական և համակարգային փոփոխություն»,- ավելացրեց Ռուբիկ Հակոբյանը:

Կարդացեք նաև

Քաղաքական գործիչը գնահատեց նաև նոր կառավարության գործունեությունը` շեշտելով` ինքն ի սկզբանե հայտարարել է, որ նոր կառավարությունը չի կարող հաջողություն արձանագրել. «Մեր խմբակցության և անձամբ իմ տեսակետը եղել է այն, որ այս կառավարությունը որևէ լավ բան չի խոստանում, որովհետև ուղղակի պարզվեց, որ կառավարությունը չունի գործիքակազմ: Շեշտը դրվում էր մի քիչ ճարպկության վրա, բայց քաղաքական շեշտադրումներ, որոնք պետք է պետության մեջ արմատական փոփոխություններ առաջացնեին, չկան»:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հարցին` Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» սեպտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կանցկացնի քաղաքական ֆորում` «այո կամ ոչ սահմանադրական բարեփոխումներին» թեմայով: «Ժառանգությունը» պատրաստվում է այդ քննարկմանը հրավիրել նաև իշխանության ներկայացուցիչներին,  այդ թվում` ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին. «Կարծում ենք, որ ընդհանրապես անհասկանալի է, որ այս լարված իրավիճակում, երբ առաջնահերթությունները թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության մեջ բոլորովին այլ բան են թելադրում, իշխանությունը քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց է դարձրել սահմանադրական բարեփոխումների հարցը»:

 

Տեսանյութեր

Լրահոս