
Դուբայից Մոսկվա մեկնող ինքնաթիռն Ադրբեջանի քաղաքացու պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Երևանում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռն անցած գիշեր Դուբայից Մոսկվա մեկնելու ճանապարհին հարկադիր վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում, ինչի համար պատճառ են հանդիսացել հարբած ուղևորի գործողությունները:
Այս մասին գործակալությանը հայտնել են ինքնաթիռի ուղևորները: Դուբայից թռչելուց հետո ինքնաթիռի ուղևորներից մեկը, որի տարիքը կազմում է 30-35 տարեկան, սկսել է կոպիտ արտահայտություններ անել, գոռգոռալ և անհանգստացնել երեխաներին: Ինքնաթիռում գտնվել են մեծ թվով երեխաներ ու օտարազգիներ:
Ստյուարդուհիներին չի հաջողվել լուծել խնդիրը և նրանք հարկադրված են եղել դիմել տղամարդ ուղևորների օգնությանը: Նրանց դժվարությամբ հաջողվել է վնասազերծել կռվարարին՝ նրան կապելով նստարանին: Ինքնաթիռը մոսկովյան ժամանակով ժամը 05.00-ի մոտ հարկադիր վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում:
Այստեղ ինքնաթիռը մնացել է 2.5 ժամ: Ինքնաթիռի օդաչուները փորձել են տղամարդուն (ով հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի) հանձնել տեղի ոստիկանությանը, սակայն Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ընդունել նրան:
Իրավապահները միայն ձեռնաշղթաներ են հագցրել նրան, իսկ շտապօգնության աշխատակիցները քնաբեր են ներարկել նրան, ինչից որոշ ժամանակ անց նա քնել է: Ինքնաթիռը կռվարար ուղևորի հետ շարունակել է իր ուղին դեպի Մոսկվա, ուր հասել է 3 ժամ ուշացումով: Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է նրան: