
Սիրիայի տարածքում ավիահարվածներ ձեռնարկելու համար ԱՄՆ-ը չունի Դամասկոսի թույլտվության կարիքը. Պետդեպարտամենտ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Սիրիայի արտգործնախարար Վալեդ Մուալիմի այն հայտարարությունը, թե Սիրիայի կառավարությունը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համագործակցել միջազգային գործընկերների, այդ թվում նաև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ:
Դրա հետ կապված՝ Փսակին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը որոշի ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների վրա, ապա դրա համար անհրաժեշտ չէ Դամասկոսի հավանությունը: Մինչդեռ Մուալեմը երեկ հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը որոշի գնալ իր տարածքում ավիահարվածների քայլին, ապա դրանք պետք է համաձայնեցվեն Սիրիայի կառավարության հետ:
Փսակին հայտարարել է, որ երբ խաղաքարտի վրա դրված է իրենց քաղաքացիների կյանքը, երբ առկա է իրական վտանգ, այդպիսի դեպքում իրենք չեն սպասի սիրիական վարչակարգի հավանությանը:
Նա ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունը «աջ ձեռքով» ռմբակոծում է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին, իսկ «ձախ ձեռքով» հրաժարվում է ընդունել Սիրիայի ժողովրդի օրինական պահանջները և չի ցանկանում քաղաքական իրական երկխոսություն՝ դրանով իսկ նպաստելով «Իսլամական պետության» գործունեության ընդլայնմանը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Օբաման դեռ չի կողմնորոշվել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հարվածելու հարցում:
Երբ նրան հարցրել են, թե արդյոք դրա համար անհրաժե՞շտ չէ Սիրիայի կառավարության թույլտվությունը, Էռնեստը խուսափողական պատասխան է տվել՝ ուշադրություն հրավիրելով նրան, որ ԱՄՆ-ը Բեն Լադենին վերացնելու գործողությունն իրականացնելու համար նախապես չէր ստացել Պակիստանի կառավարության թույլտվությունը: