
Լեհաստանն ու Բալթյան երկրներն առաջարկել են ԵվրոՀՀՊ համակարգն ուղղել Ռուսաստանի դեմ

Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ կողմ են արտահայտվել Ռուսաստանն այն երկրների թվում ներառելուն, որոնց դեմ կուղղվի ԵվրոՀՀՊ համակարգը: Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ի մնացյալ անդամներին՝ առաջարկելով ԵվրոՀՀՊ-ն ուղղել Ռուսաստանի դեմ:
Դրա համար պատճառ է դարձել Ռուսաստանից բխող սպառնալիքը, այն բանից հետո, ինչ այդ երկիրը ներխուժեց Ուկրաինա: Այդ առաջարկն արվել է սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շեմին: Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասը և հատկապես Գերմանիան չի պաշտպանել այդ նախաձեռնությունը՝ նկատելով, որ դա կդառնա ոչ անհրաժեշտ սադրանք:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հիշեցրել են, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանին համոզում են, որ ԵվրոՀՀՊ-ի համակարգն ուղղված չէ նրա դեմ: Եվ այնուամենայնիվ, գագաթաժողովում դիտարկվելու է Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության հարցը: Քննարկվելու է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին հավելյալ զորք, ինչպես նաև հետախուզական ինքնաթիռներ տեղակայելու հարցը: