«Իրենց բաց երկնքի քաղաքականությունը բլեֆ է». Շահեն Պետրոսյան
Ավիացիայի ոլորտում Արևմուտքի և Ռուսաստանի կիրառած պատժամիջոցներն ապագայում կազդեն նաև Հայաստանի վրա: Այս կարծիքին է ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայկական ավիացիոն շուկան հանձնված է ռուսական ընկերություններին, հայ օդաչուներն ու ավիատորները մեծամասամբ հեռացել են երկրից՝ աշխատանք փնտրելու, մի մասն էլ տաքսիներ են վարում:
«Իրենց բաց երկնքի քաղաքականությամբ, որը բլեֆ է, մի ոլորտ ոչնչացրին ու հանձնեցին ռուսներին: Ուղղակի չեն կարողանում այս երկիրը ղեկավարել, տալիս են ուրիշներին՝ անվտանգությունից սկսած, մինչև ամենակենցաղային հարցերը, մնում է «ժեկ»-երն էլ տան ռուսներին, պրծնենք»,- ասաց նա:
Շ. Պետրոսյանի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարությունում ավիացիայի բաժին ստեղծելու վերաբերյալ խոսակցությունը նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի ժամանակ էլ կար, որպեսզի ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը վերացնեն. «Ի՞նչ գործառույթ ունի այսօր այդ վարչությունը՝ հայկական ավիացիա չունենք, մի «Զվարթնոցն» է մնացել հայկական, բայց ես մտավախություն ունեմ, որ վաղը, մյուս օրը դա էլ գույք պարտքի դիմաց կհանձնեն ու կվերջանա: Էռնեկյանն էլ այս դեպքում խանգարող հանգամանք չի լինի, նա սեփականատեր չէ, կոնցեսիայով է կառավարում: Եվ նույն հաջողությամբ օդանավակայանը կարող են հանձնել ՊՆ-ին, ինչպես ժամանակին արեցին Էրեբունու օդանավակայանի հետ, ու այդ դեպքում բոլոր գործարքները գաղտնի կդառնան: Դա մախինացիաները թաքցնելու լավագույն ձևն է»: