Դա ծայրից ծայր կրիմինալ է. Քաղավիացիայի նախկին պետը՝ «Արմավիայի» մասին
Այսօր հնարավոր չէ պարզել՝ արդյոք «Արմավիա» ավիաընկերության պարտքն իրականում փոխանցվե՞լ է ՀՀ բյուջեին, ներառվե՞լ է ՀՀ արտաքին պարտքի մեջ, թե՞ ոչ: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով պաշտոնյաների հայտարարությունը, որ «Արմավիայի» պարտքը բյոււջեի հետ որևէ առնչություն չունի:
«Կառավարության գործունեության մասին ընդհանրապես մեզ տեղյակ չեն պահում, օրինակ, թե ինչքան արտաքին պարտք ենք կուտակել: Միգուցե «Արմավիայի» պարտքն էլ է մտնում դրա մեջ, որովհետև այդ պարտքն օր-օրի ավելանում է, բայց մենք մանրամասները չգիտենք՝ ինչի համար ենք այդքան պարտք: Օրինակ՝ մարզահամերգային համալիրի հանձնումը ՊՆ-ին, երևի, վերջին գործարքն է գույք պարտքի դիմաց, որ կարող է հետո ռուսական զինտեխնիկայի հետ փոխանակեն»,- ասաց Շ.Պետրոսյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է, որ մինչ հիմա ինքն իրեն սնանկ հայտարարած ավիաընկերության լուծարման գործընթաց չի սկսվել, Պետրոսյանը պատասխանեց. «Այստեղ տրամաբանություն չկա, որովհետև դա ծայրից ծայր կրիմինալ է՝ «Արմավիայի» ստեղծումից մինչև վերջին պահը: Բազմիցս ասել եմ, որ էնտեղ պետք է հենց սկզբից աուդիտ արվեր: «Արմավիայի» իրական տերը ոչ թե Միկա Բաղդասարովն էր, այլ իր ընկերը՝ Սերժը: Իսկ այդ մակարդակով տրամաբանություն փնտրելն անհնար է: Զարուհի Փոստանջյանն էլ Եվրախորհրդարանում կազինոների վերաբերյալ հարց հնչեցրեց, իսկ նա պատասխանեց, թե նման բան չկա: Հիմա էլ պարտքի մասին են ասում՝ չկա նման բան: Իսկ եթե հետո պարզվի՞ որ կա: Ախր, սա այն դեպքն է, որ ասեղը երկար ժամանակ չես կարող պարկի մեջ պահել»: