Սիրիայում իսլամականների դիրքերին միայն ամերիկյան ավիահարվածները բավական չեն. Վալիդ Մուալեմ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համագործակցել միջազգային գործընկերների, այդ թվում նաև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են ահաբեկչության դեմ ամենալայն միջազգային կոալիցիայի հետ համագործակցելուն. «Մենք սպասում ենք նրանց»:
Երբ Մուալեմին հարցրել են այդ կոալիցիայի կազմում նախագահ Բաշար Ասադի ամենակատաղի քննադատներ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ընդգրկվելու հնարավորության մասին, Մուալեմն ընդգծել է, որ իրենք միայն ուրախ կլինեն, եթե այդ երկրներն ընդգրկվեն հակաահաբեկչական կոալիցիայի կազմում:
Վալիդ Մուալեմը դատապարտել է «Իսլամակն պետություն» խմբավորման կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին մահապատժի ենթարկելը: Անդրադառնալով Սիրիայի տարածքում իսլամական խմբավորման դիրքերին ամերիկյան ավիահարվածների խնդրին, Մուալեմը հայտարարել է, որ դրանք պետք է համաձայնեցվեն Դամասկոսի հետ:
Մուալեմի կարծիքով՝ միայն ավիահարվածներ հասցնելը բավական չէ: Նա հարևան երկրներին կոչ է արել ավելի ակտիվորեն հետախուզական տեղեկություններով կիսվել Սիրիայի հետ: 2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող զինված հակամարտության հետևանքով այդ երկրում զոհվել է ավելի քան 191.000 մարդ:
Հիշեցենք, որ սրանից առաջ բրիտանական The Independent պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ը գաղտնի համագործակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: