
Ֆինանսական բուրգի գործով դատական նիստը հետաձգվեց. ամբաստանյալի համար շտապօգնություն է հրավիրվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանում այսօր նշանակված ֆինանսական բուրգի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց` ամբաստանյալի առողջական վատ վիճակի պատճառով: Դատական նիստի սկզբում դատավորն ասաց, որ շտապօգնություն է հրավիրվել, և բժշկի գրության համաձայն՝ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ներարկումներ են արվել. բժիշկը նշել էր, որ ցանկալի է՝ դատական նիստը հետաձգվի, իսկ հիվանդին էլ հանգիստ է անհրաժեշտ:
Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը դատարանում հայտարարեց, որ ինքը թույլ է եղել, ճանապարհին էլ վատացել է. նա ասաց նաև, որ չի կարող մասնակցել դատական նիստին:
Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպանը հայտարարեց, որ ցանկանում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնել՝ նշելով, որ մեկուսարանի պետի գրության համաձայն՝ նրա «կիստաները» մեծացել են: Ամբաստանյալը միջնորդեց հետաձգել դատական նիստը: Գործով մեղադրողն ասաց, որ «եթե հետևենք ամբաստանյալի խոսքերին, որն ինքը ճանապարհին է վատանում» ինքը կխնդրի դատարանին որոշում դատական նիստերն անցկացնել մեկուսարանում: Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով սեպտեմբերի 8-ին: