
Պուտինը կարող է Մինսկում երկկողմ հանդիպում ունենալ Պորոշենկոյի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը չի բացառել, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի միջև կարող են անցկացվել երկկողմ բանակցություններ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքերով՝ նման հանդիպումը հնարավոր է Մաքսային միության առաջնորդների ու ԵՄ-ի ներկայացուցիչների գագաթաժողովի ժամանակ, որն օգոստոսի 26-ին անցկացվելու է Մինսկում:
Պեսկովն ընդգծել է, որ երկկողմ հանդիպման ժամանակ Պուտինն ու Պորոշենկոն կքննարկեն ուկրաինական ճգնաժամը, հումանիտար օգնության հարցն ու փախստականների հոսքը:
Պեսկովը հավելել է, որ կողմերը կարող են քննարկել նաև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը, ինչը մասնավորապես վերաբերում է Ուկրաինայի արևելյան շրջանների ու Կիևի միջև ներքին երկխոսությանը: