Բաժիններ՝

Սիրիական բանակի ու «Իսլամական պետության» զինյալների միջև երեկվա բախման ժամանակ զոհվել է ավելի քան 500 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում ընկած Ռաքքահ նահանգի ռազմական օդանավակայանի համար Սիրիայի կառավարական ուժերի ու «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ:

Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնը (OSDH): Ավելի վաղ լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Ռաքքահ նահանգի Թաբքա քաղաքի ռազմական օդանավակայանը:

Սիրիական հրամանատարությունը օդանավակայանի տարածքում գնվող ողջ անձնակազմը, ինչպես նաև բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները տեղափոխել է Դեյր էզ-Զորի բազա: OSDH-ի ներկայացուցիչները հայտնել են, որ երեկ օդանավակայանի համար մղված մարտերում զոհվել է սիրիական բանակի 170 զինվոր և «Իսլամական պետության» 346 զինյալ:

Ռազմական օդանավակայանի վրա հարձակվելուց առաջ զինյալները Հոմս քաղաքի հյուսիսային հատվածից համալրումներ են փոխադրել Ռաքքահ, ինչի շնորհիվ էլ վերջին հարձակմանը մասնակցել է մի քանի հազար ծայրահեղական: Սիրիական օդուժը շարունակում է ռմբակոծել նրանց դիրքերը:

2011 թվականի մարտից ընթացող Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 191.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս