
Հատուկ ծառայությունները պարզել են ամերիկացի լրագրողի դահճի ինքնությունը

Բրիտանական The Sunday Times թերթի փոխանցմամբ` բրիտանական հատուկ ծառայությունները պարզել են դահճի անունը, ով Իրաքում մահապատժի ենթարկեց ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Այս հարցում թերթը վկայակոչում է MI6 և MI5 ռազմական հետախուզության ու հակահետախուզության տեղեկությունները:
Թերթի աղբյուրները հրաժարվել են տալ Ֆոուլիի մարդասպանի անունը: Եվ այնուամենայնիվ, որպես գլխավոր կասկածյալ է անվանվել 23-ամյա Աբդել Մահիդ Աբդել Բարին, ով մինչև նախորդ տարի իր ընտանիքի հետ բնակվում էր Լոնդոնում:
Ոչ վաղ անցյալում Բարին Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որում նա պատկերված էր մի ձեռքով մարդու կտրված գլուխ բռնած: Ջեյմս Ֆոուլիին Սիրիայում առևանգել էին 2012 թվականի նոյեմբերին: 2014 թվականի օգոստոսի 19-ին համացանցում հայտնվեց նրան մահապատժի ենթարկելու մասին տեսանյութը: