Առաջիկա 3 տարում բանակի վերազինման համար կհատկացվի 3 միլիարդ դոլար. Պորոշենկո
УНН-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ 2015-2017 թվականներին ուկրաինական բանակի վերազինման համար հատկացվելու է ավելի քան 40 միլիարդ գրիվնա (ավելի քան 3 միլիարդ դոլար):
Նա այդ հայտարարությունն արել է Կիևի Անկախության մայդանում անցկացվող զորահանդեսի ժամանակ, որը նվիրված է Ուկրաինայի անկախության 23-րդ տարեդարձին:
Պորոշենկոն հավելել է, որ այդ գումարը հնարավորություն կտա արդիականացնել, գնել ու զորքերին մատակարարել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր ու մոտորանավակներ: Պորոշենկոն խոստացել է, որ դա լինելու է միայն համեստ մեկնարկը:
Պորոշենկոյի խոսքերով` զորահանդեսից հետո նոր գնված, արտադրված կամ վերանորոգված ռազմական տեխնիկայի շարասյունն ուղղվելու է հակաահաբեկչական գործողության գոտի:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե հակաահաբեկչական գործողության ժամանակ ուկրաինական ավիացիան կորցրել է 18 ինքնաթիռ և ուղղաթիռ: