Բաժիններ՝

Օբաման կարգադրել է ստուգել ոստիկանների կողմից զենք կիրառելու կանոնների պահպանումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆերգյուսոն քաղաքի իրադարձությունների կապակցությամբ կարգադրել է վերանայել իրավապահ մարմինների կողմից բանակային հանդերձանք օգտագործելու նպատակահարմարությունը:

Օբաման հրահանգել է գնահատել սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ընդունված ոստիկանական ստորաբաժանումների հագեցվածության դաշնային ծրագիրը: Նա մասնավորապես հարցականի տակ է դրել իրավապահ մարմինների կողմից հետագայում նույնպես բանակային զրահաբաճկոններ, զրահապատ ավտոմեքենաներ և խլացուցիչով ավտոմատ հրացաններ օգտագործելը:

Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ում մեծ տարբերություն գոյություն ունի զինվորականների ու ոստիկանության աշխատակիցների միջև, և որ իրենք չեն ցանկանում, որ հստակեցված չլինեն այդ գերատեսչությունների միջև սահմանները: Նա պահանջել է ստուգել ոստիկանների կողմից զենք պահելու ու կիրառելու կանոնների պահպանումը:

Օգոստոսի 9-ին Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանը սպանել էր 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին, ով ստացել էր հրազենային մի քանի վնասվածք: Դրանից հետո քաղաքում սկսվել են զանգվածային անկարգություններ: Օբաման օգոստոսի 14-ին Արդադարադատության նախարարությունից ու Հետաքննությունների դաշնային բյուրոյից պահանջել էր հետաքննել Բրաունի սպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս